Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք գտնում են, որ երբեմն արժանի են, որ իրենց ծեծեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2016 16:28

Երբեմն կինն արժանի է ծեծի: Այսպես է կարծում հարցված կանանց 27.3 տոկոսը, տղամարդկանց էլ` 36,6 տոկոսը:

Հարցումներն անցկացվել են Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների շրջանում: Այս տարածքների հարցման ենթարկված տղամարդկանց 51, 5 %-ը գտնում է, որ կինը պետք է հանդուրժի բռնությունը` հանուն ընտանիքի պահպանման: Ուշագրավն այն է, որ այդպես է մտածում նաեւ հարցված կանանց 38,5 %-ը:

Այս տվյալներն այսօր ներկայացրին Վորլդ Վիժն Հայաստանի մասնագետները:

Ընտանիքում, համայնքում տղա եւ աղջիկ երեխաների համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով Վորլդ Վիժն կազմակերպությունը «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիր է մեկնարկել:
Ծրագրի ղեկավար Սեւան Պետրոսյանի խոսքերով, ազգային մակարդակում ծրագիրը կաջակցի սեռով պայմանավորված բռնության եւ պտղի սեռի ընտրության դեմ ուղղված քաղաքականության իրականացմանը:

world-vision

Ըստ նրա, ծրագրի շահառուներ են նաեւ ընտանիքի տղամարդիկ, որոնց շատ դժվարությամբ է հաջողվում ներգրավել միջոցառումներում:

Aravot.am-ի հարցին, թե փոփոխություն տեղի՞ է ունենում տղամարդկանց մտածելակերպում ծրագրին մասնակցելուց հետո, Սեւան Պետրոսյանն ասաց, որ զրույցների միջոցով պարզել են, որ տղամարդկանցից ոմանք սկսել են ընտանիքում հարցերը քննարկել կնոջ հետ եւ նրանց կարծիքը հաշվի առնել կամ երեխաներին ավելի շատ ժամանակ տրամադրել:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանի խոսքերով, մարզերում սեռերի անհամամասնությունը եւ տղայի գերակայությունը շարունակում է մնալ ամենաբարձրը` հաշվի առնելով սեռերի անհամամասնության վերաբերյալ հետազոտության արդյունքները: Այնուամենայնիվ, պարոն Հայրապետյանը գտնում է, որ շատ դանդաղ, բայց մարդկանց մտածելակերպում դրական իմաստով որոշ առաջընթաց կա:

Միջոցառմանը ներկա փորձագետ Նվարդ Մանասյանի կարծիքով, ամուսնանալիս զույգերը միշտ չէ, որ ճիշտ են ընկալում «տեր եմ եւ հնազանդ եմ» բառերի իմաստը: Նա, ծրագրի պատասխանատուներին առաջարկեց այս հարցին եւս ուշադրություն դարձնել եւ հոգեւորականների հետ քննարկել, որպեսզի նրանք էլ ամուսնացողներին այդ բառերի իրական նշանակությունը բացատրեն:

Տիկին Մանասյանը նաեւ հորդորեց դպրոցական դասագրքերում փոփոխություններ կատարել, որոնք հենց դպրոցից խտրականություն են քարոզում աղջիկ եւ տղա երեխաների միջեւ, իսկ դասագիրք գրողներին որպես թիրախ դիտարկել ու ծրագրի միջոցառումներին մասնակից դարձնել:

Մանրամասները` տեսանյութում

Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանի խոսքերով, համայնքում, ընտանիքում տղա երեխաներին այլ մոտեցում են ցուցաբերում, աղջիկներին` այլ: Նա, նման խնդիրների լուծման համար կարեւորեց ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը, որի ճանապարհն, ըստ պարոն Էդիլյանի, խոչընդոտներով է. «Օրենքի ընդունումն իր դրական ազդեցությունը կունենա, որպեսզի երեխաների իրավունքները ավելի պաշտպանված լինեն: Ընտանիքում խնդիրներ կան, բայց երեխան չի դիտարկվում որպես զոհ, այլ դիտարկվում է որպես զոհին կցորդ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031