«Հայկական վերածնունդ»-ի (ՀՎԿ) հիմնադիր որոշ կուսակցություններ պնդում են, որ թեև իրենք մասնակցել են ՀՎԿ-ի հիմնադիր համագումարին, սակայն այժմ ընդգրկված չեն հիմնադիրների շարքում, ինչպես նաև կառավարման խորհրդում:
«Նոյյան տապան» մամուլի սրահում «Հայկական վերածնունդ»-ի հիմնադիրների հայցն՝ ընդդեմ Արթուր Բաղդասարյանի. փաստեր և փաստաթղթեր» թեմայով քննարկմանը «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հայտարարեց, որ ինքը «Հայկական վերածնունդի» հիմնադիր անդամ է: Այնուհետև վկայակոչելով «Հայկական վերածնունդ» միավորման հիմնադիր համագումարի արձանագրությունը՝ հայտարարեց. « Իմ կուսակցությունը մասնակցել է այդ համագումարին, ես ելույթ եմ ունեցել, սակայն իմ կուսակցությունը չի ներկայացվել գրանցման: Սա օրենքի կոպիտ խախտում է»:
Տիկին Ղազարյանը հայտարարեց, որ «Ազգի փրկություն» կուսակցությունը, օրինակ, չի մասնակցել միավորման համագումարին, բայց դարձել է ՀՎԿ անդամ: Արմենուհի Ղազարյանը վրդովվեց. «Ի սկզբանե իմ հեղինակությունը փորձել են օգտագործել, քանի որ ես արատավորված չեմ այնպես, ինչպես ՕԵԿ-ը: Եթե ես հիմնադիր անդամ չէի, կառավարման խորհրդի անդամ չէի, ինչո՞ւ էին ինձ թույլ տալիս համագումարում ելույթ ունենալ, լրագրողների հետ խոսել: Հանձինս ինձ ուզում էին իրենց դեմքը մաքրել: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ապօրինի զավակ է: Հայկական վերածնունդ միավորումն է հիմնադիր համագումար արել, ուստի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի կարող նախագահ ունենալ»:
Տիկին Ղազարյանը հայտարարեց, որ դիմելու է դատարան. «Իմ կուսակցության իրավունքը խաթարվել է, փորձում են վարկաբեկիչ ձևով ինձ ներկայացնել հանրությանը: Իմ պահանջն է պետական գրանցումը անվավեր ճանաչել և Արթուր Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը պետռեգիստր, ճանաչել առոչինչ և որպես հետևանք ՀՎԿ պետական գրանցումը անվավեր ճանաչել»:
Կարդացեք նաև
ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանը հակադարձեց, որ Արմենուհի Ղազարյանը ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ չէ. «Սահմանադրությունից կարող եք նշել այն կետը, համաձայն որի` անձը կարող է երկկուսակցական լինել: Օրենսդրությամբ արգելված է երկկուսակցական լինելը և օրենքով պատիժ է հասնում այդ դեպքում»: Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե այն կուսակցությունները, որոնք վերակազմակերպվել են, նրանք են դարձել ՀՎԿ հիմնադիր անդամ, իսկ «Հայկանդուխտ» կուսակցությունն այժմ շարունակում է գոյություն ունենալ: Հիմնադիր համարվում են այն կուսակցությունները, որոնք իրենց կուսակցական գործունեությունը դադարեցրել են և միավորվել ՀՎԿ-ի մեջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ