Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ԲՀԿ-ի դեմքը պահպանեցինք». Մելքումյանը չի ընդունում, որ ԲՀԿ-ն կիսաքայքայված է

Դեկտեմբեր 09,2016 15:32

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ ո՞վ է գլխավորելու ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, չցանկանալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից առաջ անցնել, խուսափեց հստակ պատասխանել: Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանն է ղեկավարելու այն համակարգը, որով ԲՀԿ-ն գնալու է ընտրությունների:

Ըստ պարոն Մելքումյանի, այս ընթացքում, ինչ Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ չէր, քաղաքական դաշտում որոշակի փոշիացում գնաց եւ նրա տեղը ոչ ոք չլրացրեց. «Մենք գնում ենք հաղթելու, բայց այս փուլում, որպեսզի քաղաքական մրցապայքարն ապահովվի եւ իշխանությունը չլճանա, նրա գալն անհրաժեշտ է»:

Մելքումյանը նշեց, որ երբ իշխանությանը հավասարակշռող ուժ է գալիս, դա իշխանությանը միայն օգտակար է: Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանը շուտով հայտարարությամբ հանդես կգա եւ կխոսի իր քաղաքական ծրագրերի մասին. «Ընտրություններին մենք գնում ենք ընդդիմադիր կեցվածքով, իսկ ընտրություններից հետո կյանքը ցույց կտա»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Վահրամ Բաղդասարյանը գտնում է՝ ԲՀԿ խմբակցությունը կիսաքայքայման եզրին է՝ Միքայել Մելքումյանը չհամաձայնեց. «Մենք ԲՀԿ-ի դեմքը պահպանեցինք, մեր կուսակցական պատգամավորները, նվիրյալներն իրենց տեղում են: Որոշ մարդիկ դուրս են եկել, դա իրենց ընտրությունն է, չենք կարող պարտադրաբար: Ինչ վերաբերում է քայքայմանը, այդպիսի բան չկա: ԲՀԿ-ն ցույց կտա ընտրություններին, որ իր արժանի տեղն ունի: Մենք գնալու ենք հաղթելու»:

Հետաքրքրվեցինք՝ կա տեսակետ, որ Գագիկ Ծառուկյանի վերադառնալու պարագայում նրանք, որոնք անջատվել են ԲՀԿ-ից, հետ կգան, կլինի ներհոսք: Այս առնչությամբ պարոն Մելքումյանը պատասխանեց. «Մարդը ընտրել է իր ճանապարհը, ամեն ինչի մեջ ես ուզում եմ գաղափարական միտք տեսնեմ: Այսինքն, հենց այնպես չի, էլի, որ եկել է, դուրս է գալիս: Գիտեք ինչ, մենք պիտի հետո ապրենք, չէ՞, այդ մարդիկ պիտի շարունակեն ապրել: Մարդկանց դո՞ւր է գալիս, որ մի տեղից մյուսն են գնում»:

Ըստ Միքայել Մելքումյանի, եթե մարդը տեսնում է, որ իր մնալով՝ վնասներ է տալիս ԲՀԿ-ին, ուրեմն թող դուրս գա. «Կարող է մարդիկ մտածել են, դուրս են եկել, որ իր մնալը լուրջ պրոբլեմ կարող է առաջացնել իր թիմին»:

Նա ասաց, որ այս պահին ներհոսքի միտում ԲՀԿ չի տեսնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031