Լրահոս
Օրվա լրահոսը

«7 հոգով մտել ենք, 7 հոգի էլ կա ՀԱԿ խմբակցությունում, ի՞նչ է եղել, կորուստների մասին ինչ-որ տեղեկություններ կա՞ն». Լեւոն Զուրաբյան

Դեկտեմբեր 09,2016 15:17

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ ԲՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունները կիսաքայքայման եզրին են գտնվում: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իր համար կիսաքայքայման տերմինը անհասկանալի է, կամ քայքայվում է, կամ չի քայքայվում. «Այն, որ մենք տեսնում ենք, որ իսկապես քայքայվում է, դա ՀՀԿ-ն է, իր տնտեսությունը եւ այն համակարգը, որ գոյություն ունի ՀՀ-ում: Ինչ վերաբերում է Կոնգրեսի կիսաքայքայվելու, մեռնելու, վերջանալու, սպառվելու մասին պնդումներին, ապա այդ պնդումները եռամսյակը մեկ 2008-ից ի վեր Էդուարդ Շարմազանովը պարբերաբար հնչեցրել է մեր հասարակության համար: Իրենց թվում է, որ եթե ինչ-որ բան շատ հաճախ կրկնես, դա կարող է դառնալ իրականություն»:

Ըստ նրա, կրկնությունը հզոր զենք է, ուստի իրենք 2008-ից ի վեր այդ ձեւակերպումը կրկնում են: Բայց ՀԱԿ-ի «մարզավիճակը» կերեւա 2017-ի ընտրություններում: Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցությանը, Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Երեւի միակ խմբակցությունն է, որ ԱԺ-ում աշխատում է սիստեմատիկ, համաձայն կանոնադրության որոշում ընդունում, եւ համաձայն այդ որոշումների գործում»:

Նա չի ընդունում, որ որպես քայքայման նշան են ներկայացնում այն, որ իրենց խմբակցության որոշ պատգամավորներ քվեարկում են խմբակցության որոշմանը հակառակ. «Կներեք, դա ոչ թե քայքայում է, այլ ես հակառակը` կհամարեի աննորմալ երեւույթ, այն, ինչ տեղի է ունենում ՀՀԿ-ում, երբ կոմունիստական կարգապահությամբ բոլորը քվեարկում են այնպես, ինչպես որոշում է խմբակցությունը: Մեր Սահմանադրությամբ պատգամավորը առաջնային մանդատ ունի եւ քվեարկում է իր խղճի մտոք, ոչ թե անպայման իր կարծիքը համապատասխանեցնում խմբակցության որոշմանը»:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ 7 հոգի ունեն, 4 կողմ ձայնով որոշումներն ընդունվում են եւ չկա այդպիսի հարց, որի շուրջ չկարողանան որոշում ընդունել:

Մեր դիտարկմանը, որ խոսքը նրա մասին է, թե ինչ կազմով մտաք ԱԺ ու հետո ինչ եղավ՝ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «7 հոգով մտել ենք, 7 հոգի էլ կա խմբակցությունում, ի՞նչ է եղել, կորուստների մասին ինչ-որ տեղեկություններ կա՞ն: Ես չունեմ»:

Մեր հարցին՝ Վահրամ Բաղդասարյանը, ՀԱԿ-ի կիսաքայքայման մասին խոսելիս ասում էր, որ ցուցակը ճիշտ չեն կազմում, Դուք այս անգամ ձեր ցուցակը կազմելիս վերանայելո՞ւ եք ձեր մոտեցումները՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չեմ ընդունում, որ կիսաքայքայվել ենք: Կան խմբակցություններ, որ որոշումներ չեն կարողանում ընդունել, կան, որ խմբակցության ղեկավարը կարծիք է հայտնում, բայց խմբակցությունը ավելի շատ քվեարկում է այդ կարծիքի դեմ: Մեզ մոտ մեծամասնությամբ են որոշումներն ընդունում եւ մեծամասնությունն էլ քվեարկում է այնպես, ինչպես որոշումն ընդունվել է»:

Մեր հարցին՝ գոնե ընդունո՞ւմ եք, որ Ձեր խմբակցության առնվազն 3 անդամ չեն ներկայացնում այլեւս խմբակցության շահերը՝ նա պատասխանեց. «Գիտեք, մեկ ներկայացնում են, մեկ չեն ներկայացնում: Հո մի քանի քվեարկության պատճառով՝ հակառակ խմբակցության որոշումների, ես հո չե՞մ այդ մարդկանց ամոթի սյանը գամի: Ես այդպիսի բաներ չեմ անի եւ ոչ ոք չի անի: Տեսեք, բյուջեի քննարկմանը մեր խմբակցությունը ամբողջությամբ դեմ քվեարկեց: Հիմա մեկ լինում է այդ միասնականությունը, մեկ չի լինում: Ի՞նչ է նշանակում ներկայացնել կամ չներկայացնել խմբակցությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031