Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի բնակիչ Ա.Ս.-ի դատավարությունը: Հետաքրքիր է, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում այդ դատի մասին տեղեկություններ չկան:
Բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի բնակիչ Ա. Ս.-ին: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ այս տարվա ապրիլին մուտք է գործել Իծաքար գյուղի 62-ամյա բնակչուհու տուն, բռնաբարել նրան:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վերջինիս պաշտպան Գայանե Զաքարյանն ասաց, որ սկզբում քրեական գործ է հարուցվել մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, հետո՝ բռնաբարության: Պաշտպանի վկայությամբ՝ տուժած կնոջ դեմքին ճանկռվածք է եղել:
Գ. Զաքարյանն ասաց, որ իր պաշտպանյալը մոտ 50 տարեկան տղամարդ է, նա բեղեր չունի, սպիտակած մազեր ունի: Իսկ տուժած կինը նկարագրել է, որ իրեն բռնաբարել է բեղերով, սեւ մազերով տղամարդ: Գ. Զաքարյանն ասում է, որ քրեական գործով նշանակված համալիր դատական փորձաքննության եզրակացությունը ապացուցում է նավուրցի տղամարդու անմեղությունը:
Կարդացեք նաև
Փաստաբանի վկայությամբ՝ դեպքի ժամանակ կնոջից 7 մետր հեռավորության վրա, տանն է գտնվել կնոջ 22-ամյա աղջիկը: Գայանե Զաքարյանն ասաց, որ մեղադրվող տղամարդն արհեստավոր է, նա երբեւէ արատավորված չի եղել, լավ ընտանիք ունի:
Որպես գործով վկա ներգրավված է Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը: Այս քրեական գործով դատական երկրորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին , Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
1999թ.-ից Իծաքար համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը մեզ հայտնեց, որ ինքը չգիտի, թե ինչո՞ւ է հայտնվել վկայի կարգավիճակում: Նա ասաց, որ դեպքի օրը ուշ երեկոյան իրեն զանգահարել է տուժած կնոջ աղջիկը, որը լացակումած ասել է, թե իրենց տուն տղամարդ է մտել: Գյուղապետն ասաց, որ ինքը անկողնուց ելնելով՝ հագնվել է, գնացել իրենց տնից մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող այդ տուն, սակայն տուն չի մտել, հետեւել է, որ տնից հեռացող տղամարդ չլինի: Գյուղապետի խոսքերով՝ դա գիշերը ժամի 12-ի սահմաններում էր, հանցանքի մեջ մեղադրվող տղամարդն արդեն հեռացած է եղել:
Գյուղապետն ասաց, որ ինքը այդ տղամարդուն չի տեսել, տուժած կինը իրավապահներին հայտնել է, թե տղամարդն իրեն ասել է, որ Նավուրում որտեղ է գտնվում իրենց տունը, ինքն ում տղան է, եւ այդպես է Ա.Ս.-ն որպես մեղադրյալ ներգրավվել: Գյուղապետն ասաց, որ ինքը Ա.Ս.-ի հետ նորմալ հարաբերություններ ունի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ