«Մեզ դիմել է Մարտունու պանրի գործարանի տնօրեն Արթուր Բաղդասարյանը, որը շատ կարեւոր մի նամակ է ներկայացրել եւ փաստեր: Այստեղից հետեւում է, որ իրենից ուղղակի գեներալ Բաղմանյանը տարածք է խլել՝ այդտեղ գազալցակայան կառուցելու նպատակով: Այսինքն, իրենք միասին սկսել են այդ գործը, հետո իր սեփականությունից դա հանել է՝ օգտագործելով իր ազդեցությունը պետական իշխանության լծակների վրա»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա ասաց, որ ավագանին որոշում է, որ այն, ինչ Արթուր Բաղդասարյանի սեփականությունն է, այլեւս դադարում է լինել նրա սեփականությունը եւ հայտարարվում է հանրային սեփականություն. «Այս դեպքերը ցույց են տալիս, որ ՀՀ-ում սեփականության նկատմամբ, այդ ինստիտուտի նկատմամբ չկա որեւէ հարգանք: Իշխանավորները համարում են, որ ցանկացած սեփականություն իրենք կարող են խլեն եւ օգտագործեն իրենց նպատակներով: Սեփականության իրավունքի պաշտպանությունը ամենակարեւոր բաղադրիչներից է ներդրումների ապահովման համար, մի բան, որ այսօր գոյություն չունի ՀՀ-ում»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք հետեւելու են այս խնդրի լուծմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ