Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթի եւ Կարեն Կարապետյանը չլինի նրա վարչապետի թեկնածուն: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Նա պատասխանեց. «Առաջինը հնարավոր է, որ ՀՀԿ-ն հաղթի, երկրորդը՝ մենք արդեն հայտարարել ենք, որ եթե հանրությունը կտա այդ վստահությունը ՀՀԿ-ին, կառավարությունը եւ վարչապետը կշարունակեն իրենց գործունեությունը եւ իրենց ծրագրերի իրականացումը»:
Հարցին՝ Ձեր կարծիքով, օբյեկտիվորեն Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակում ո՞ր տեղում պետք է լինի կամ որտե՞ղ կլինի: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է: Որեւէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը»:
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ լրագրող Վահե Մակարյանի միջադեպին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ փորձառու եւ անցյալ ունեցող պատգամավորը պետք է ձեռնպահ մնար նման միջադեպերից: Նա ասաց, որ լրագրողներն էլ պետք է զգոն լինեն, որ նման միջադեպերը կանխվեն. «Բացի լրագրող եւ քաղաքական գործչից, այնտեղ հայր եւ որդու տարիքի տարբերություն կար: Նման միջադեպը շատ ցավալի էր, որ եղավ այդ մարդկանց միջեւ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ