Այսօր այս տարվա վերջին ԱԺ ճեպազրույցն է, ուստի լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ որո՞նք են իշխող ՀՀԿ-ի ամենամեծ ձեռքբերումները եւ բացթողումները: Որպես ձեռքբերում՝ նա նշեց կառավարության ծրագիրը, Սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանական համակարգը եւ իրենց քաղաքական կամքը, որ նպատակադրված են իրենց բոլոր ծրագրերը իրականացնել:
Ինչ վերաբերում է բացթողումներին, նա կոնկրետ չասաց. «Բացթողումներ ունեցել ենք»:
Լրագրողները հարցրեցին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների տարածած հայտարարության հետ կապված, որ առաջարկում են բանակցությունները վերսկսել սահմանին մեխանիզմների տեղադրմանը զուգահեռ: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք բազմիցս նշել ենք եւ նորից պնդում ենք, որ այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Վիեննայում, կողմերի համար ընդունելի լինեն: Հայաստանյան կողմը որեւէ շեղում թույլ չի տվել: Եթե անընդհատ հանդիպումներ ունենանք, պայմանավորվածություններ ձեռք բերենք եւ մի կողմի համար խախտվի, ինձ թվում է, մենք գնում ենք ժամավաճառության: Որեւէ քայլեր պետք է կատարվեն, չեն կատարվում, զուգահեռ կատարելը ի՞նչ է, մի քիչ հարաբերական հասկացողություն է: Մենք պետք է փաստ տեսնենք, որ ձգտում կա, կամք կա՝ պայմանավորվածությունը կատարելու համար»:
Հարցին՝ եթե պայմանավորվածությունները չկատարվեն, կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանը չի հանդիպի Իլհամ Ալիեւին՝ նա պատասխանեց. «Մենք որեւէ հանդիպումից չենք խուսափում: Բայց եթե մենք հանդիպում ենք եւ ձեռք ենք բերում պայմանավորվածություններ, ինձ թվում է, Մինսկի խումբը բավականին լուրջ անելիք ունի եւ պետք է հետեւողական լինի, հավասարության նշանը պետք է հանվի: Պետք է տրվեն ճիշտ գնահատականներ՝ ո՞ւմ պատճառով է, որ պայմանավորվածությունները չեն կատարվում: մենք բազմիցս հորդորել ենք Մինսկի խմբին, իր առաքելությունը հենց դրանում է կայանում, որ իր ուսումնասիրություններից հետո կարողանա տա ճիշտ գնահատականներ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ խոսքը նրա մասին է, որ Վիեննայում ձեռք է բերվել պայմանավորվածություն ու ոչ միայն Ադրբեջանն է փորձում շեղել, այլ Մինսկի խումբը զուգահեռ գործընթացների հարց է դնում, ավելի ադրբեջանամետ դիրքորոշման է գալիս, այսինքն, չկա՞ անտեսվածություն հայկական կողմի դիրքորոշման,արդյոք չպետք է մենք երկու ոտքը դնենք մի կոշիկի մեջ եւ մեր «տղամարդու խոսքը» պնդենք՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ միշտ չէ, որ տղամարդկությունն իր դերը կարողանում է կատարել: Մենք պետք է այդտեղ զգույշ լինենք: Ես համաձայն չեմ, որ նրանք ադրբեջանամետ կեցվածք են դրսեւորում, ավելի շատ չեզոք են: Նրանց հայտարարությունները միտված են նրան, որ նրանք չեն ցանկանում վնասել հետագա բանակցությունների փուլը: Նրանք զգուշավոր են իրենց հայտարարությունների մեջ, բայց այդ զգուշավորությունը կարող է բավականին երկար տեւել, այդ իսկ պատճառով մենք բազմիցս ենք հայտարարել, որ այսօրվա եւ վաղվա խնդիր չէ ղարաբաղյան հարցի կարգավորումը»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպում էլ լինի, դժվար թե որեւէ առաջընթաց գրանցվի դրանից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ