Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով կուսակցությունների խոշորացման մասին, ասաց. «ՀՀԿ-ն որեւէ քաղաքական կոնսուլտացիաներից չի խուսափում, բայց դրանք չպետք է լինեն ինքնանպատակ, պետք է լինեն հիմնավորված: Ինքնանպատակ կոալիցիաները դատապարտված են շուտ վախճանի: Մենք դրա ականատեսը եղանք ներկա խորհրդարանում»:
Ըստ նրա, այլ ելք չկա, քան խոշորացումը, որովհետեւ առանձին քաղաքական ուժերի հեղինակությունը տխուր իրավիճակ է ստեղծել. «Բնականաբար, պետք է լինեն խոշորացումներ, բանակցություններ, միացումներ»:
Նա վստահեցրեց, որ միավորվելիս էլ պետք է գաղափարական հենքի վրա դա լինի. «Դուք տեսաք այս խորհրդարանում ինչ կատարվեց: Մի խմբակցություն ամբողջովին քայքայվեց, երկու խմբակցություն կիսաքայքայման եզրին են: Եվ եթե միակ նպատակն այն է, որ այդ մանդատն ինչ-որ ձեւով վերցնեն եւ գան ԱԺ, դրանով մենք քայքայում ենք քաղաքական դաշտը»:
Aravot.am-ը ճշտեց՝ քայքայված խմբակցություն ասելով՝ հասկանալի է, որ նկատի ունեք «Ժառանգությանը», բա որո՞նք են մյուս երկու խմբակցությունները, որոնք կիսաքայքայված են՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նկատի ունեմ, որ տարբեր մարդիկ հայտարարություններ անելով՝ նրանք այդ խմբակցության հետ կապ չունեն: Դա նշանակում է, որ խմբակցությունով եկել են ներս՝ ԱԺ, բայց հետո ինչ-ինչ պատճառներով սկսում են իրենց անկախությունն ապահովել եւ դառնալ անկախ պատգամավորներ: Այդ մոտեցումը քաղաքական չի, առավել եւս՝ պառլամենտական համակարգում»:
Կարդացեք նաև
Վահրամ Բաղդասարյանը տվեց նաեւ կիսաքայքայված խմբակցությունների անունները՝ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը. «Դա գաղտնի բան չէ, որ խուսափեմ անուններ տալ, բոլորս տեսնում ենք»:
Նա խորհուրդ տվեց, որ դրա համար իրենց ցուցակները կազմելիս շատ ուշադիր լինեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ