«Հարկային օրենսգրքի խմբագրված տարբերակը մեր սրտով չէ, առաջարկներ ունենք: Ուրախ ենք այն բանի համար, որ վարչապետը հայտարարեց՝ հաջորդ տարի օրենսգրքի շատ դրույթներ կվերախմբագրվեն: Ինչպե՞ս եք պատկերացնում հարեւան երկրների հետ մեր մրցակցային առավելությունները, եթե տեղական ներդրողին հարկելու ենք հինգ տոկոս, իսկ օտարերկրյա ներդրողին՝ տասը տոկոս»,-խորհրդարանում այսօր «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Ըստ Ղազարյանի, վերոնշյալը ՀՀ ներդրումային միջավայրի գրավչության մասին չի խոսում: «Օտարերկրյա ներդրումների մասին օրենքի նախագիծը թույլ է: Այն պետք է լինի բացառիկ, գրավչության նորմեր ունենա, որոնք կծակեն օտարերկրյա ներդրողի աչքը: Երբ օրենքը գա ԱԺ, նման տեսք չպետք է ունենա»:
Ղազարյանը նկատեց, որ Վերին Լարսի անցակետը ՀՀ-ի համար ԵՏՄ շուկային կապող միակ ճանապարհն է. «Սա ՀՀ-ի լուծելիք հարցը չէ, այլ հարեւան երկրների»:
Որպես օրինակ վկայակոչելով Իրանի եւ ՀՀ-ի միջեւ վիզային ռեժիմի չեղարկման փաստը, Արսեն Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ նույնը պետք է կիրառել նաեւ որոշ այլ երկրների պարագայում. «Պետք է իրականացնել վիզաների ռեժիմի դյուրացում, եթե ոչ՝ վերացում: Ինչո՞ւ պետք է մենք վախենանք մեր շուկայում հնդիկի կամ չինացու ներկայությունից, իսկ Վրաստանը չի վախենում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ