Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականություն է վերադառնում:
Նա ասաց, որ դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանը հանդես է գալու հայտարարությամբ, ընդ որում՝ բավականին երկարաշունչ:
Հարցին՝ ՀԱԿ նախընտրական ցուցակը ո՞վ է գլխավորելու, կա՞ հստակ որոշում: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ մեր ցուցակը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Դաշինքների դեպքում նա ասաց, որ բացառված չեն բանակցությունների արդյունքում այլ դեմքերի թեկնածությունները, բայց կոնկրետ ինքը ուրիշ մեկին չի տեսնում՝ որպես ցուցակի առաջատար:
Հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրա՞ստ է նորից մտնել նախընտրական պայքարի մեջ՝ նա պատասխանեց. «Ամբողջությամբ, ամբողջովին»:
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին, թե ինչ հիմքով նախորդ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց մասնակցել՝ տարիքի պատճառով, ուստի հարցին՝ հնարավո՞ր է այս անգամ էլ ինչ-որ խոչընդոտներ առաջանան՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Խոսքը նախագահական ընտրությունների մասին էր, չէ՞: Դա իսկապես շատ բարդ դերակատարություն է, որտեղ կարող է եւ տարիքային խնդիրները Տեր-Պետրոսյանի համար որոշիչ լինեին՝ այդ որոշումն ընդունելիս: Բայց հիմա խոսքը այլ բանի մասին է»:
Նա ասաց, որ հիմա խոչընդոտներ չեն տեսնում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ