Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն 50 միլիոն դոլար վարկ է տվել Հայաստանին

Դեկտեմբեր 09,2016 13:24

Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 50 միլիոն դոլար գումարի չափով վարկ: ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սա վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հաստատուն սպրեդով վարկ է՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14.5 տարին՝ արտոնյալ, այսինքն՝ 14.5 տարի միայն տոկոսավճարներ է վճարվելու, հետո նոր մայր գումարի մարումը:

Վարկն ուղղվելու է մեր երկրում տնտեսության առանցքային ոլորտներում կառավարության բարեփոխումներին: Սա զարգացման քաղաքականության ֆինանսավորման գործառնությանը ծրագրի շրջանակներում տրամադրվող 4-րդ վարկային ծրագիրն է, որն ըստ Համաշխարհային բանկի, օժանդակում է Հայաստանի բարեփոխումների լայն շրջանակ՝ խթանելով հարկաբյուջետային, սոցիալական եւ բնապահպանական կայունությունը՝ ամրապնդելով մրցունակությունը:

Ծրագրով նախատեսված օժանդակության առանցքային ոլորտներն են՝ Հարկային միասնական օրենսգրքի ընդունումը, ըստ ՀԲ-ի, այն կարձագանքի հարկային համակարգի թերություններին եւ կընդլայնի աճը խթանող կապիտալ ներդրումների եւ սոցիալական ծախսերի համար հարկաբյուջետային տարածքը: Գոհար Գյուլումյանի վստահեցմամբ՝ Հարկային նոր օրենսգիրքը կապահովի բյուջեի եկամուտների ավելացում:

Ծրագրով նախատեսված բարեփոխման մյուս ուղղությունը բնապահպանական օրենսդրության փոփոխությունն է, մասնավորապես՝ «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունները, որով այն համապատասխանեցվում է «Թափոնների մասին» օրենքին, կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման գործունեության բացասական ազդեցությունները եւ կպահպանեն գյուղական վայրերի տնային տնտեսությունների կողմից տնօրինվող ռեսուրսները, որոնք հաճախ կախված են գյուղատնտեսական գործունությունից ստացվող եկամուտներից:

Մյուս ուղղությունը գործարար միջավայրի բարելավումն է՝ «Սնանկության մասին» օրենքի փոփոխությունների ընդունմամբ, որով ավելի լավ հավասարակշռություն է սահմանվում վարկատուների եւ պարտապանների իրավունքների միջեւ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031