Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թշնամին երբեք չի հապաղի երկրորդ անգամ ցեղասպանություն իրագործելու հարցում». Էդիկ Մինասյան

Դեկտեմբեր 09,2016 13:21

«Ճանաչման գործընթացը թող ընթանա, բայց հիմնական շեշտադրումը փոխհատուցման հարցն է, խնդիրն իրավական դաշտ տեղափոխելը»,-«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա՝ դեկտեմբերի 9-ի առիթով հրավիրված քննարկմանը պարոն Մինասյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կներկայացվի արդեն ամբողջական թղթածրար, քանի որ իրենք այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տանում: Էդիկ Մինասյանը շեշտեց, որ ԵՊՀ-ում կա նաև ցեղասպանագիտություն մասնագիտացում, որտեղ հաճախող երիտասարդները պահանջատիրության խնդրով են զբաղվում. ոչ միայն տնտեսագիտական հաշվարկներ են անում, այլև փաստաթղթեր են պատրաստում:

Հարցին՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո այս խնդրով կարո՞ղ է փոխվել ԱՄՆ դիրքորոշումը, պարոն Մինասյանը պատասխանեց, թե այդ հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հայկական համայնքի ակտիվությունը: Պարոն Մինասյանը մանրամասնեց. «Նոր նախագահն իր ելույթներում չի էլ անդրադարձել այդ հարցին, անտեղյակ է, կամ էլ ցույց է տալիս, որ անտեղյակ է: Հնարավոր չէ, որ նա իմացած չլինի ու տեղյակ չլինի Հայոց ցեղասպանությունից: Այս տեսանկյունից հայկական համայնքը մեծ անելիք ունի: Հնարավոր է նաև ԱՄՆ նախագահին բացատրել, ինչում մեծ դերակատարություն ունի հայկական համայնքը»:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ 46 օրենսդիր մարմինները՝ նահանգները, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն Կոնգրեսը մինչ այժմ չի ճանաչել, ուստի այս հարցում լուրջ անելիք ունի հայկական համայնքը. «ԱՄՆ ճանաչման դեպքում Թուրքիան չի կարող հաշվի չառնել այս հանգամանքը՝ իբրև ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացներին՝ պարոն Մինասյանը հիշեցրեց այն փաստը, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես մշտադիտարկման մեխանիզմների կիրառումը, չեն կատարվել:

Մյուս հիշեցումը հետևյալն էր. «Չպետք է մոռանանք, որ գործ ունենք ագրեսոր մի պետության  հետ, որ ցանկացած պահի կարող է հարձակվել: Մենք միշտ պատրաստ պիտի լինենք հակահարված տալու»:

Հարցին ինչո՞ւ պետական մակարդակով չեն կատարվում աշխատանքներ հատուցման խնդիրն առաջ տանելու համար, պարոն Մինասյանը պատասխանեց. «Պետական մակարդակով ուղղակի որոշակի սահմանափակումներ կան այս խնդրում: Առաջին հերթին դա պայմանավորված է պետության արտաքին քաղաքականությամբ»:

Ամփոփելով՝ պարոն Մինասյանը զգուշացրեց, որ թշնամին երբեք չի հապաղի երկրորդ անգամ ցեղասպանություն իրագործելու հարցում, ուստի մենք պետք է մեզ վրա հույս դնենք և ընդլայնենք համագործակից երկրների շրջանակը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031