Ներքաղաքական առաջիկա զարգացումներին անդրադառնալով՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ դեկտեմբերի 13-ին հրավիրված է արտահերթ նստաշրջան, որի շրջանակներում պետք է ավարտին հասցնենք սահմանադրական օրենքների ընդունումը, դրան զուգահեռ գնում են գործընթացներ՝ կապված առաջիկա համապետական ընտրությունների հետ. «Մի ընդհանրացում կա, որ կարծես թե ավելի շատ քաղաքական ուժերը հակված են դաշինքների, եւ մասնավորապես այն, ինչի ականատեսը լինում ենք՝ ընդդիմադիր եռյակի ձեւավորում, որոշ կուսակցապետերի վերադարձ, նրանց շուրջ նորից քաղաքական ուժերի միավորում, այս ամենը խոսում է այն մասին, որ իրականում կարծես թե քաղաքական ուժերն էլ եկել են այն եզրահանգման, որ առաջիկա համապետական ընտրություններին, երեւի թե հաջողությունը ուղեկից կլինի այն ուժերին, ովքեր որ լայն ճակատով եւ միավորված կգնան ընտրությունների»:
«Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ նշեց, որ իր համար ակնհայտ է, որ այսօրվա ԱԺ-ի բոլոր՝ 131 պատգամավորները մանդատ են ստացել Սերժ Սարգսյանի որոշմամբ. «Դրա համար էլ ասում եմ՝ նշանակովի: Էս մեր իշխանությունները «խելոք» են. նշանակում են ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը»:
Խոսելով Հայաստանում ընտրությունների մասին՝ նա ասաց, որ այն որպես այդպիսին գոյություն չունի, այն իր բնորոշմամբ միջոցառում է, որ մինչեւ ընտրությունը պարզ է դառնում, թե ով ինչ է ստանալու ընտրություններից հետո: Նրա կարծիքով նաեւ ԱԺ-ում ընդդիմությունը նշանակովի է իշխանության կողմից. «Սահմանադրություն ենք ընդունել արեւմուտքի այլասերված արժեհամակարգի համաձայն: Ինքնուրույնությունը օր օրի վերանում է»:
Պարոն Գիմիշյանը նշեց, որ եթե նա մի օր այս կառավարության ժամանակ ընտրվի որպես պատգամավոր, ապա գնացել, դարձել է Սերժ Սարգսյանի «հաճախորդը», ընդունել է նրա կանոնները եւ դարձել է պատգամավոր:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, իր գլխավորած կուսակցության նպատակն է մեկտեղել ամբողջ հայության ներուժը, քանի որ իշխանության ներկայացուցիչներին հեշտ է քիչ թվով բնակչությանը կառավարել. «Եթե տեսնեինք, որ այս 10 տարիների ընթացքում ինչ-որ լավ բան է արվել, այո, կարելի է մտածել, որ հետո էլ մի լավ բան անելու են»:
Սոս Գիմիշյանը նշելով, որ ինքը նախկինում հանցագործ ռեժիմի անդամ է եղել, դիմելով Արտակ Դավթյանին ասաց. «Ես ընդունում եմ, որ ես նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչ եմ, դուք էլ՝ ներկա»: Արտակ Դավթյանը պատասխանեց. «Սա ձեր տեսակետն է, որը ես չեմ կիսում»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ