Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի 0% է տնտեսական աճի ակտիվությունը      

Դեկտեմբեր 09,2016 12:50

Այսօր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՀԲ-ն վերանայել է Հայաստանի տնտեսական աճի ակտիվության վերաբերյալ կանխատեսումները:

Ըստ տիկին Գյուլումյանի, վերջին ամիսները՝ սկսած հուլիսից, հիասթափեցնող են. «Առաջին եռամսյակին 4.5% աճից հետո Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է անկման շրջան: Հուլիսից մինչեւ հոկտեմբեր, ամեն ամիս նախորդի համեմատ տնտեսական աճի ակտիվությունը նվազում է, եւ կան պաշտոնական տվյալներ, որ 3-րդ եռամսյակի ընթացքում անկումը կազմել է 2.8% նախորդ նույն եռամսյակի համեմատ: Այս տեսակետից մենք եւս վերանայում ենք մեր կանխատեսումները»:

Տիկին Գյուլումյանի ներկայացմամբ՝ ՀԲ-ի տնօրենների խորհրդին ծրագիրը ներկայացնելիս, դեռ հոկտեմբերին բանկի սպասելիքները 2016 թվականի տնտեսական աճի վերաբերյալ դրական էին՝ 2.4%. «Եվ այդ բազայի հիման վրա 2.8%` 2017 թվականին, եւ մինչեւ 3% միջին ժամկետի ավարտին: Սակայն այս պահին ունենալով հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները՝ ցույց են տալիս ընդամենը 0.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ: Մեր վերանայված կանխատեսումները, որոնք դեռ հրապարակված չեն, ցույց են տալիս լավագույնը 0 % եւ որեւէ դրական աճ չի կանխատեսվում 2016 թվականին: Սրա հիման վրա մեր սպասելիքները 2017 թվականին 2%-ից չեն անցնում: Միջին ժամկետի ցուցանիշներն էլ, համապատասխանաբար, շատ համեստ են լինելու՝ 2-2.5%-ի շրջանակներում: Սա, Հայաստանի պարագայում, շատ խոստումներ չի կարող պարունակել»:

ՀԲ-ի ավագ տնտեսագետը հաշվի առնելով 2015 թվականի Հայաստանի աղքատության ցուցանիշը, նշեց, որ այն գրեթե չի փոփոխվել՝ ընդամենը 0.2%-ի նվազում: Տնտեսագետի դիտարկմամբ՝ որպեսզի Հայաստանը կարողանա որեւէ լուրջ ձեռքբերում ունենալ աղքատության նվազման եւ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, տնտեսական աճի ցուցանիշը պետք է տարեկան 5 % եւ նույնիսկ ավելին լինի, որի դեպքում հնարավոր կլինի դրական ազդեցություն ունենալ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031