Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Մենք կարող ենք նավթի վրա «նստած» այդ երկիրը պայթեցնել քսան րոպեում». «Իրատես»

Դեկտեմբեր 09,2016 11:59

«Իրատեսը» զրուցեց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ։

– Վերջին շրջանում սահմանում կրկին լարվածությունը մեծացել է։ Սովորաբար նման թեժացման թիկունքում քաղաքական ինչ-ինչ հարցեր ու հարաբերություններ են ճշտվում։ Հիմա ի՞նչ է եղել։

– Դա իրենց գործելաոճն է։ Լարվածությունը միշտ էլ «ծրագրված» է լինում։ Կամաց-կամաց նրանք ավելի հզոր զենքեր են կիրառում։ Սկզբում՝ գնդացիր, հետո ականանետ, հիմա սկսել են նաև հրթիռներ կիրառել։

Ի վերջո, ո՞ւր է տանում այս վիճակը։

– Հիմա մենք պետք է նրանց պատասխան հարված տանք։ Բայց, չգիտես ինչու, մենք միայն պաշտպանվում ենք։ Ապրիլը ցույց տվեց, որ նրանք բավականին լավ պատրաստված էին, կային Թուրքիայում վարժեցված ջոկատներ, ունեին հստակ ծրագիր, ժամանակակից հրետանի։ Այնինչ մեր սպաներն անձամբ իրենց վրա վերցրին այդ հարվածի ուժգնությունը, կորցրինք նաև որոշակի տարածք։ Ես մինչև հիմա չեմ հասկանում՝ ի՞նչն էր պատճառը, որ այդ դիրքերը հետ չվերցրինք։ Ասում են՝ զինվորի մասին են մտածում։ Բայց փաստն այն է, որ մենք շփման գծի զինվորների ուժերով կարող էինք և՛ պաշտպանվել, և՛ դիրքեր չկորցնել։ Ադրբեջանն ինքը Ռուսաստանից խնդրեց կրակը դադարեցնել, այսօր նրանք պարծենում են ու շոու են սարքում, թե ահա այսքան տարածք ենք վերցրել, կարծես մի մեծ քաղաք են գրավել կամ մի գյուղ։ Չնայած մեր այդ փոքր տարածքը ևս պետք է հետ բերել, դրանք այնպիսի դիրքեր են, որտեղից ադրբեջանցիները կարողանում են մեր գյուղերը, դիրքերը հսկողության տակ պահել։

Չենք կարող ասել, որ այդ կորուստը մեզ վնաս չի տալիս, հակառակը վնասում է։ Որոշ ժամանակ հետո հաստատ հետ ենք վերցնելու։ Ադրբեջանն անընդհատ շփման գծում իրավիճակը թեժ է պահում նաև այն պատճառով, որ իր ներսում լարվածությունը թուլացնի։ Նրանք փորձում են իրենց անհաջողություններում մեզ մեղադրել։ Եթե իրենք իմանային, որ Հայաստանը, ինչպես անընդհատ հայտարարում էին, քսան րոպեում վերցնելու են, կանեին, բայց ապրիլը ցույց տվեց, որ ոչինչ էլ չեն կարող։ Իսկ մենք կարող ենք նավթի վրա «նստած» այդ երկիրը պայթեցնել քսան րոպեում։ Պետք չէ այդքան ժողովրդավար լինել ու ասել, թե մեզ խփում են, բայց մենք չենք պատասխանում։ Ինչո՞ւ մենք չենք դիմում հակադարձ գործողությունների, թող իրենց գյուղերի ու քաղաքների բնակիչներն էլ նույնը զգան, ինչ մարտակերտցին, շփման գծում կանգնած զինվորն ու կրակոցների պատճառով արտերը մշակել չկարողացող գյուղացին։

Մյուս կողմից էլ, կաղում է նաև հայկական քարոզչությունը։ Նրանք դիմում են դիվերսիաների, բայց աշխարհին մատուցում այնպես, թե դա հայկական կողմի «ձեռքի գործն» է։ Արդյունքում աշխարհը մինչև վերջերս լիովին դրան հավատում էր։ Բարեբախտաբար, մեկ-երկու տարի է, կարծես իրավիճակը փոխվում է, և Ադրբեջանն ու Թուրքիան իրենց դեմքն են ցույց տալիս։ Աշխարհը հասկանում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Չնայած Ադրբեջանը համառորեն շարունակում է կեղծել պատմությունը և փաստերը։ Վերջերս նույնիսկ մի ծիծաղելի բան են մոգոնել, մի մարդ են գտել, որն ամեն օր ստախոսությամբ է զբաղված՝ հայտարարելով, թե Մաշտոցն իրենց տառերը գողացել է։

– Ասել է՝ Ադրբեջանը երկու ուղղությամբ էլ ակտիվ գրոհում է՝ և՛ սահմանում, և քարոզչական դաշտում։ Իսկ մենք ինչո՞ւ ենք այդքան պասիվ։

– Մենք չափից դուրս պասիվ ենք։ Ավելին ասեմ, կա ՄԱԿ-ի համապատասխան դրույթը, որ եթե թշնամին հարձակվում է, դու հակագրոհի իրավունք ունես։ Ադրբեջանը գրոհում է, բայց մենք չենք հակադարձում։ Այսինքն, մենք այդ օրենքն էլ ենք խախտում։ Մեր պասիվությամբ Ադրբեջանին երես ենք տալիս։ Մի կողմից մեր մեղավորությունը կա, որ քսանհինգ տարի այսպիսի իրավիճակ է, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը հաջողությամբ կաշառում է միջազգային կառույցների անդամներին։ Այնքան մեծ գումարներով են կաշառում, որ պատկերացնո՞ւմ եք, եվրոպացին ասում է, թե Ադրբեջանն այնպիսի պետություն է, որից պետք է օրինակ վերցնել։ Իսկ մենք աղքատ երկիր ենք ու չունենք այդպիսի գումարներ, որ դրանցով քաղաքականություն թելադրենք:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես զարմանում եմ հարգելի Կոմանդոսի մտքերի վրա՝ միթե նա չգիտե,որ եւ Ադրբեջանի եւ թե Հայաստանի նախահարձակ լինելու իրավունքը պիտի տա Մոսկվան…Գուցե մե՞զ է փորձում ստուգել՝ «գիտում ինք,թե ոչ»:Գալով կորսված տարածքների հակագրոհին.Նորից վստահ եմ,որ հայկական կողմը իրավունք չուներ հակահարձակման, եւ եւս մի բան.Գուցե կա հատուկ պայմանավորվածությու՞ն,որ ժամանակ առ ժամանակ հակառակորդը «մետր-մետր» առաջ գա՝ սրանով իսկ վախեցնի Հայաստանին ու որ վերջինս համոզի իր ժողովրդին որ զիճող լինի բանակցություններում:Իսկ 20 րոպեի մեջ պայթեցնելու հարցը Ալիեւը չգիտե՞…Ապա ինչու է անընդհատ հոխորտում:Չէ…ինչ որ բան էն չի…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031