Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անունը հավատ չէր ներշնչում։ Հասակը։ Խոսքը չէր կպչում. «Իրատես»

Դեկտեմբեր 09,2016 11:28

Նկատեցի՞ք ինչ արագությամբ վարչապետ Կարեն Կարապետյանը վերցրեց լրատվական դաշտը։ Հովիկ Աբրահամյանը առավոտից երեկո ասում էր՝ աշխատում ենք բաց ու թափանցիկ, տասնյակ հանդիպումներ էր անում տեսախցիկներով ու առանց տեսախցիկների, խոսում էր ու խոսում։ Չէր ստացվում։ Պատճա՞ռը։ Անունը հավատ չէր ներշնչում։ Հասակը։ Խոսքը չէր կպչում։ Լսում էին, գնում էին։ Հինգ րոպեից մոռանում։ Կամ էլ՝ հիշում էին ու հիշեցնում, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ, որ բամփելը քաղաքական կատեգորիա է, որ… Հովիկ Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանն է, ու՝ վերջ։ Կարող է ՀՀԿ-ի ընտրացուցակի առաջին եռյակում չլինել, ու ոչինչ։

Կարեն Կարապետյանը խոսում է շատ ու կարճ։ Նախորդի պես հանդիպումները էլիտար են, հարցերը՝ հայտնի, պատասխանները՝ պարզունակ։ Դիտավորյալ պարզունակ, թերևս, գտնվել է մեկը, որ հուշել է՝ խոսեք հնարավորինս կարճ, հարցուպատասխանի ձևաչափով։ Դա կհիշվի։ Հատկապես՝ համեմատության մեջ։

Եվ՝ պարտադիր հանեք պիջակը, դրայվը պիտի զգացվի ողջ կերպարանքից։ Իհարկե, դրայվը նվազել է ու մնացել հանված պիջակի հույսին։

Հիմա տարօրինակ է հնչում, երբ նրան անվանում են նորանշանակ կամ նոր վարչապետ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, չորրորդ ամսին նորն ահագին հին է ու արդեն արդյունք է ուզում։ Հավելեք ՀՀԿ անդամատոմսը ու չափեք դրայվը։

Եվ գնահատեք, որ ՀՀԿ անդամ վարչապետը ՀՀԿ համագումարից հետո վրա-վրա ասուլիսներ է տալիս ու նույնիսկ ասել է, ինչ մինչ այդ չէր ասել. «Եթե մեր թիմն էֆեկտիվ լինի, 2018-ից հետո ինձ վարչապետ եմ տեսնում»։ Ասվում է, երբ 2017-ից հետո նրան վարչապետ էր «տեսել» ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Փաստորեն, Կարեն Կարապետյանը բացում է մինչև նշանակումը ՀՀ նախագահի հետ «երկար զրույցների» որոշ փակագծեր՝ ինքը տեխնիկական չէ, երկարաժամկետ ու նպատակամետ է գործուղվել Հայաստան։ Ու երբ Կարեն Կարապետյանն ասում է, որ 2018-ից հետո իրեն տեսնում է վարչապետ, փաստում է, որ վարչապետ չի լինելու Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է, երկուսն էլ իրենց վարչապետությունը պայմանավորում են ընտրությունների արդյունքներով, բայց դա արդեն միմյանց ուղղված մարտահրավեր է՝ ով ում դուրս կմղի։ Հրապարակավ ավելին չեն կարող ի պաշտոնե բարձրաձայնել՝ նրանց խոսքի ազատությունը ամենասահմանափակն է ծրագրերի առումով։ Ասեն, թե չասեն, ակնհայտ է, որ լուծումները շատ ու բարդ չեն։ Հաշվարկների հիմքում ՀՀԿ-ի հաղթանակն է ընտրություններում։ Հաղթանակի տեսակով էլ պայմանավորված է՝ ո՞վ նրանցից կլինի վարչապետ, ով՝ նախագահ։

ՀՀԿ-ում կարենկարապետյանականացման գործընթացը շարունակվում է՝ «գազի» մարդկանց ավելացան «լույսի մարդիկ»։ «Նաիրիտի» աշխատակիցներն էլ միասնական դիմում գրեն՝ «Նաիրիտով» ընդունում ենք ՀՀԿ գաղափարախոսությունը, ու դառնան կուսակցական, և կուսակցությունը կշահի, և ձեռնարկությունը կաշխատի։ Ճիշտ է՝ ռուսական դրոշի տակ, բայց մանրուքների հետևից Հայաստանում ընկնել չարժի՝ բազմակուսակցական երկիր է, բազմակուսակցական՝ մարդիկ, ժողովրդագրական ճգնաժամ կա։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031