Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդին
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունները։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել գործող նախագահին` Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և նրա թիմին` տարվա ընթացքում կազմակերպությունն առաջնորդելու, ինչպես նաև ջերմ ընդունելության համար:
Կարդացեք նաև
Մենք գնահատում ենք ԵԱՀԿ ղեկավարությունը ստանձնելուց ի վեր գերմանական նախագահության նվիրվածությունը երկխոսությանը և համագործակցությանը: Եվրոպական անվտանգության առկա մարտահրավերներին դիմագրավելու համար առավել քան կարևոր է երկխոսությանը նոր ոգի հաղորդելը: Հակամարտությունները կանխարգելելու և վստահություն կառուցելու իր պատմական հանձնառությամբ ԵԱՀԿ-ն պետք է հիմնական հարթակ հանդիսանա անվտանգության տարբեր մոտեցումները և ընկալումները հաշտեցնելու համար: Ի վերջո այս կազմակերպության գոյության իմաստն է՝ թույլ չտալ Եվրոպայում նոր պատերազմ:
Այդ նպատակով էր, որ գործող նախագահը առաջատար դեր ստանձնեց՝ խրախուսելու երկխոսությունը սպառազինությունների վերահսկման ապագայի շուրջ: Հայաստանը մշտապես անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ բարելավված համաձայնությունների ջատագով է եղել, որոնք միտված են ԵԱՀԿ տարածաշրջանում թափանցիկության և կանխատեսելիության ավելացմանը և հիմնված են զսպման և ռիսկերի նվազեցման սկզբունքների վրա:
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` ներգրավվելու սպառազինությունների վերահսկման ապագայի շուրջ՝ այդ սկզբունքների վրա հիմնված բանակցություններում:
Սպառազինությունների վերահսկման ռեժիմների հիմնական նպատակը ուժի կիրառման բացառումն է: Ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում մարտահրավեր է ԵԱՀԿ տարածաշրջանի անբաժանելի անվտանգությանը, քանի որ այն կարող է խարխլել ընդհանուր հանձնառությունների և հիմնարար արժեքների հիմքը: Ուժի կիրառումը կարող է լուրջ վնաս հասցնել խաղաղ կարգավորման գործընթացներին: Բոլոր նրանք, ովքեր ուժի կիրառումը դիտարկում են որպես միակողմանի առավելությունների հասնելու հնարավորություն, պետք է խստորեն զգուշացվեն, որ դա զրոյական արդյունքով խաղ է, որը կարող է կործանել այն ամենն, ինչ ձեռք է բերվել երկար տարիների բանակցությունների միջոցով՝ լրջորեն վնասելով կողմերի միջև կամուրջներ կառուցելուն ուղղված հետագա ջանքերը:
Պարոն նախագահ,
Ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակումը հակամարտության ամենավտանգավոր սրացումն էր 1994թ.-ից ի վեր, երբ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագիրը:
Ադրբեջանի ագրեսիան զուգորդվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, ինչն ակնհայտ փորձ էր` ահաբեկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Երբ ԵԱՀԿ մասնակից պետությունները խստորեն դատապարտում էին ԴԱԻՇ-ի կողմից իրականացվող վայրագությունները, նրանցից շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ նմանատիպ զազրելի հանցագործություններ կարող են կատարվել ԵԱՀԿ տարածաշրջանում, ԵԱՀԿ մասնակից երկրի կողմից: Այս վայրագությունների, ներառյալ` գլխատումների կադրերը փառաբանվեցին ադրբեջանական լրատվական միջոցներով:
Ոճրագործները հրապարակավ պարգևատրվեցին իշխանությունների կողմից:
Այս անմարդկային դաժանությունները հիշողության մեջ արթնացրեցին անցյալի սարսափները: Այս տարի լրանում է Լեռնային Ղարաբաղի և դրա հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանման 25-րդ տարելիցը: Դրան նախորդել էին հայերի բռնի տեղահանումներն ու ջարդերը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, ապա նաև Լեռնային Ղարաբաղի Շահումյանի և Մարտակերտի շրջաններում: Ապրիլին խաղաղ բնակչության դեմ իրագործված վայրագությունները ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ադրբեջանի մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Հերթական անգամ վերահաստատվեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումն արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ՝ ներկայումս:
Ապրիլի քառօրյա ռազմական գործողությունները Բաքվի կողմից որդեգրած երկարամյա քաղաքականության գագաթնակետն էին: Բազում գործոններ պարզ ցուցադրում են, որ Ադրբեջանը վաղուց էր ընտրել ռազմական գործողությունների ճանապարհը, և մենք շարունակաբար բարձրաձայնել ենք դրա մասին, այդ թվում՝ Նախարարական խորհրդի մակարդակով:
Առաջին. բնակչությանը խաղաղության նախապատրաստելու փոխարեն, ինչի վերաբերյալ կոչերով հանդես են եկել Մինսկի խմբի համանախագահները, Բաքուն տարիներ ի վեր սաստկացրել է հակահայկական քարոզչությունը: Ադրբեջանցի հայտնի գրողի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտությունն էր բարձրաձայնում հայկական ջարդերի վերաբերյալ և հանդես գալիս հաշտեցման կոչերով:
Խոսքը սոսկ գրքերի մասին չէ. Բաքուն միտումնավոր և շարունակաբար այրում է կամուրջները երկու ժողովուրդների միջև: «Այնտեղ, որտեղ այրում են գրքերը, ի վերջո կայրեն մարդկանց»: Գերմանացի դասականի խոսքերը բազմիցս ապացուցել են իրենց ճշմարտացիությունը: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»:
Համբուրգի նախարարական խորհրդի նախօրեին Ադրբեջանի ղեկավարությունը կրկնեց իր նկրտումները` պնդելով, թե ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի Հանրապետության տարածքները, ներառյալ` մայրաքաղաքը, ադրբեջանական հողեր են, և կգա օրը երբ նրանք այնտեղ կվերադառնան: Ի՞նչ է սա, եթե ոչ տարածքային անթաքույց պահանջ ԵԱՀԿ մասնակից հարևան երկրի նկատմամբ՝ ի հեճուկս այս կազմակերպության հիմքում ընկած ընդհանուր արժեքների:
Երկրորդ. ծանր զինատեսակների սրընթաց կուտակումը, ինչն իրականացվում է սպառազինությունների վերահսկման միջազգային համաձայնագրերի կոպտագույն խախտումներով, խոսում է ռազմական լուծման գնալու Ադրբեջանի հանդգնության մասին: Համաձայն 2015թ. միջազգային զեկույցների` Ադրբեջանը զենքերի հիմնական տեսակների խոշորագույն ներմուծողն էր Եվրոպայում:
Երրորդ. համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ձևավորման միջոցառումների մերժումը, ինչպիսիք են՝ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ դիտորդական կարողությունների ընդլայնումը, վկայում է, որ Ադրբեջանը ձգտում է սահմանափակել հակամարտության գոտում միջազգային մշտական ներկայությունը` ռազմական գործողությունների դիմելիս կաշկանդված չլինելու նպատակով: Այստեղ` ԵԱՀԿ-ում, այս մասին առավել քան տեղյակ են, քանի որ վստահության ձևավորման միջոցների վերաբերյալ այս առաջարկները շարունակաբար արգելափակվել են Ադրբեջանի կողմից, երբ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան ֆինանսական հատկացումներ իրականացնելու համար։
Չորրորդ. Ադրբեջանի ղեկավարությունն իր ռազմատենչ դիրքորոշման և հռետորաբանության մեջ երբեք չի խորշել խոստովանել, որ պատերազմը հնարավոր տարբերակ է: Որքան խորանում են ծայրահեղ հայտարարությունների ու անզիջում դիրքորոշումների մեջ, այնքան դառնում են սեփական հռետորաբանության գերին: Բաքվի ուժի սպառնալիքները մշտապես ուղեկցվում են իրադրության առավել վտանգավոր սրմամբ՝ հրադադարի առավել հաճախ խախտումներով, ծանր զինտեխնիկայի կիրառմամբ և դիվերսիոն ներթափանցման փորձերով:
Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը համանախագահների հետ միասին մշտապես ջանքեր են գործադրում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը: Սա է հայկական ու ադրբեջանական մոտեցումների առանցքային տարբերությունը:
Ի պատասխան եռանախագահ երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դատապարտող հայտարարությունների` Բաքուն շարունակ պնդում է, որ միջազգային իրավունքը առ ոչինչ է և միայն ուժի միջոցով է հնարավոր լուծել խնդիրները, ինչի մասին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կրկին անգամ հայտարարեց համբուրգյան հանդիպումից օրեր առաջ։ ԵԱՀԿ նախարարական հանդիպման նախօրեին ռազմատենչ հայտարարություններն ուղեկցվեցին լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ՝ զինված ուժերի գրեթե ողջ անձնակազմի` 60 հազար զինվորների, ավելի քան 150 տանկերի, 700 հրթիռային ու հրետանային համակարգերի և ռազմական ավիացիայի ավելի քան 50 միավորների մասնակցությամբ, ինչը տեղի ունեցավ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի կոպտագույն խախտումներով։
Հինգերորդ. առավելապաշտական ու անզիջում կեցվածքը բանակցությունների սեղանի շուրջ, համանախագահ երկրների առաջարկների մերժումը` անգամ նրանց վերջնական փուլում, ինչպես դա եղավ 2011թ. Կազանի գագաթաժողովի ժամանակ, եռանախագահների առաջարկների մշտական աղճատումը և այլ ձևաչափերում միջնորդության առևտուր անելու փորձերը վկայում են, որ Ադրբեջանը ձգտում է խաթարել բանակցությունները և ժամանակ շահել իր ռազմական կարողություններն ընդլայնելու համար: Պատահական չէ, որ համանախագահներն իրենց հրապարակային հայտարարություններում կոչ են անում Բաքվին ձեռնպահ մնալ նման կեցվածքից:
Պարոն նախագահ,
Մենք համոզված ենք, որ ապրիլյան ագրեսիան մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության գագաթնակետն էր, սակայն ոչ դրա ավարտը: Ադրբեջանը փութաջանորեն թաքցնում է ապրիլյան ագրեսիայի արդյունքում կրած իր ռազմական կորուստները` փորձելով արդարացնել իր արկածախնդրության բարձր գինը: Սակայն, անշուշտ, չի կարող թաքցնել այն փաստը, որ մարդկային կորուստների հետ մեկտեղ դրա զոհ է դարձել նաև խաղաղության գործընթացը:
Ապրիլյան ագրեսիայի հետևանքները հաղթահարելու և խաղաղության գործընթացն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով համանախագահ երկրները կազմակերպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով` մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ-Պետերբուրգում:
Նախ և առաջ, հրամայական է իրականացնել այն, ինչը շեշտվել էր ու ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել այդ գագաթաժողովների ընթացքում, այն է` հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը, հրադադարի 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը:
Հայաստանը համաձայնել է առաջ շարժվել այս հիմքի վրա: Ադրբեջանը չի հարգում այդ պայմանավորվածությունները: Սկզբից ևեթ Բաքուն հրաժարվեց կյանքի կոչել հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածությունը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի դիտորդական առաքելության կարողությունների ընդլայնմանը, ապա Բաքուն փորձում է ոչ միայն խաթարել այդ առաջարկի իրականացումը, այլ անգամ խոչընդոտել հակամարտության գոտում վերջինիս կողմից ներկայումս իրականացվող գործողությունները՝ խախտելով առաքելությանը ԵԱՀԿ կողմից տրված մանդատը։ Ադրբեջանը ձգտում է բարդացնել դիտորդների աշխատանքը՝ փորձելով նրանց պահել հակամարտության գոտուց որքան հնարավոր է հեռու և նվազեցնել նրանց արագ արձագանքելու կարողությունը: ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդումը ենթադրում է ոչ թե վերջինիս թիմի զուտ թվական աճ, այլ նրանց տեղակայում շփման գծի երկայնքով, իրականացվող դիտորդական առաքելությունների հաճախականության և արդյունավետության բարձրացում: Երբ խոսքը գնում է հակամարտության գոտում բնակվող մարդկանց անվտանգության մասին, ճղճիմ սակարկությունը տեղին չէ:
1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերի վավերականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերը ձախողվեցին, քանի որ համանախագահ երկրները հստակորեն և վճռականորեն վերահաստատեցին, որ այս համաձայնագրերի դրույթներն անժամկետ են և դրանք պետք է խստորեն հարգվեն: Այս հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը: Ուժ օգտագործելու շարունակական սպառնալիքները, և դրա կիրառումը ապրիլին, լուրջ վնաս հասցրեցին խաղաղության գործընթացին և մեծապես նպաստեցին ստատուս քվոյի պահպանմանը: Ուստի, ստատուս քվոյի հաղթահարումը նախ և առաջ պահանջում է հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:
Երբ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, ապա խաթարում է ոչ միայն դրանց իրագործումը, այլև վնասում է խաղաղության ողջ գործընթացը, քանի որ նպաստում է Բաքվի հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն երբևէ կյանքի կոչվելու հույսի նույնիսկ նշույլների վերացմանը։ Վստահության բացակայության ներկա պայմաններում համանախագահ երկրներն առավել հաստատակամ կերպով պետք է հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից իր հանձնառությունների կատարմանը: Այս համաձայնությունների բարեխիղճ և առանց նախապայմանների իրագործումը կարող է դուռ բացել վստահության վերահաստատման համար, ինչն առանցքային նախապայման է հիմնահարցի հանգուցալուծման համար՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության վրա։ Դրանք հակամարտության կարգավորման տարրերի հետ միասին համանախագահ երկրների կողմից շարունակաբար ներկայացվել են որպես միասնական անբաժանելի մեկ ամբողջություն:
Պարոն նախագահ,
Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք գրասենյակը, ինչը ինքնին վկայում է բոլոր երեք հարթություններում ԵԱՀԿ հանձնառությունների կատարման հարցում մեր հավատարմության մասին:
Ադրբեջանն արդեն իսկ փակել է Բաքվում ԵԱՀԿ դաշտային առաքելությունը, իսկ այժմ շարունակական փորձեր է ձեռնարկում խոչընդոտելու երևանյան գրասենյակի մանդատի իրագործումը։ Սա ևս մեկ անգամ ցուցադրում է այդ երկրի իրական վերաբերմունքը ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՀԿ-ի ու այդ կառույցում իր հանձնառությունների հանդեպ: Վստահ ենք, որ Ադրբեջանին չպետք է հնարավորություն ընձեռվի «արտահանելու» մարդու իրավունքների վերաբերյալ իր ռեպրեսիվ ընկալումը: Բաքվին պետք է հստակ զգուշացնել, որ այս գործում այն չի կարող հույսը դնել ուրիշների հանցակցության վրա:
Պարոն նախագահ,
Անցած դեկտեմբերին համազգային հանրաքվեով Հայաստանը սահմանադրական բարեփոխումներ իրականացրեց, որոնք միտված են մեր երկրում առավել կատարելագործելու կառավարման համակարգը՝ այն դարձնելով առավել թափանցիկ և հաշվետվողական:
Դրան հետևեց նոր ընտրական օրենսգրքի ընդունումը՝ փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին համապատասխան։ Արժանահիշատակ է, որ թե սահմանադրական բարեփոխումները, թե Ընտրական նոր օրենսգիրքը մշակվել էին Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցությամբ, և երկուսն էլ արժանացել էին մեր գործընկեր միջազգային կազմակերպությունների դրական արձագանքներին: Ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահությունն առավել ամրապնդելու նպատակով Կառավարությունն ընդունեց ընդդիմության առաջարկությունը, և օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներն անցկացվեցին խորհրդարանական քաղաքական խմբակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասար ներգրավվածությամբ:
Պարոն նախագահ,
Ամփոփելով խոսքս` կցանկանայի վստահեցնել Ավստրիային, որ, որպես գալիք նախագահող, կարող է ակնկալել Հայաստանի աջակցությունը: Կցանկանայի նաև ողջունել Իտալիայի միացումը ԵԱՀԿ «տրոյկայի» ձևաչափին»:
ՀՀ ԱԳՆ