Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մարզիչը չի ուզում կատարելագործվել, ոչ մի նախաձեռնություն սպասված արդյունքը չի տա

Դեկտեմբեր 09,2016 10:37

Մրցաշրջան 2016-ը ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի համար նպատակային եւ ծանր տարի էր՝ կապված Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի հետ:

ՀՁՖ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանն, ամփոփելով անցնող տարին, նշում է, որ ֆեդերացիան ամբողջությամբ կատարել է օրացուցային պլանով նախանշված բոլոր ծրագրերը. Ռիոյում ունեցել է մեկ մասնակից՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, որը մեկնարկային գոտեմարտում մաքուր հաղթանակ տանելուց հետո պարտվեց ապագա օլիմպիական չեմպիոն Բեսլան Մուդրանովին: «Բայց Հովհաննեսը փոփոխված կանոնների պատճառով իրավունք չունեցավ բրոնզի համար պայքարը շարունակել սփոփիչ գոտեմարտերում», – ասաց պարոն Խիթարյանը՝ միաժամանակ նշելով, որ 2016-ին Հայաստանի ձյուդոիստները բոլոր տարիքային խմբերում նվաճել են 20 մեդալ: Սակայն նա նշում է, որ նախորդ տարվա համեմատ արդյունքների որոշ նվազում է նկատվում, ինչին ֆեդերացիան կանդրադառնա այս ամիս գումարելիք տարեվերջյան համաժողովում:

«Մանրամասն քննարկելու ենք ընդհանուր վիճակը, անելու ենք համապատասխան հետեւություններ, կայացնելու ենք մի շարք կարեւոր որոշումներ՝ ընդհուպ, մինչեւ մարզիչների, հավաքականի հետ տարվող աշխատանքների փոփոխություն», -ասում է գլխավոր քարտուղարը: Իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը դժգոհ է նոյեմբերի վերջին անցկացված հանրապետության առաջնության թե մասնակցությունից, թե մարզիկների պատրաստվածության աստիճանից:

Նրա խոսքերով, խնդիրները շատ են ու, ցավոք, վերաբերում են նաեւ տեղերում աշխատող մարզիչներին, որոնք չեն զբաղվում իրենց մասնագիտական իմացությունները բարձրացնելով: Դրա համար էլ հաճախ հավաքական են գալիս մարզիկներ, որոնք չեն համապատասխանում ներկայիս միջազգային չափորոշիչներին: Ֆեդերացիան պարբերաբար որակավորման դասընթացներ է կազմակերպում մարզիչների համար: Իսկ որպեսզի դա ավելի արդյունավետ ու նպատակային լինի, ֆեդերացիան ՀԱՕԿ-ի հետ միասին մտադիր է աշխարհի լավագույն մարզիչներից մեկին երկարաժամկետ ծրագրով հրավիրել Հայաստան: Դա անհրաժեշտ է նաեւ հավաքականի նոր գլխավոր մարզչին աջակցելու համար: Արմեն Նազարյանը որպես մարզիկ բարձունքների է հասել, սակայն մարզչական ոլորտում նոր մարդ է, որը փորձառու մասնագետի մշտական աջակցության կարիք ունի: Թե մարզիչը, թե գլխավոր քարտուղարը վստահ են, որ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում տեղերում մարզիչները կարող են ինքնակրթվել: Միայն YouTube-ում կա մարզչական կադրերի որակավորման բարձրացման հարյուրից ավելի լինք ու ցանկության դեպքում յուրաքանչյուր մարզիչ կարող է դրանք ուսումնասիրել: Միայն թե ցանկություն լինի, որը բացակայում է եւ լեզվի տարրական իմացություն: Հակառակ դեպքում ֆեդերացիան, պետությունը, օլիմպիական կոմիտեն ինչ էլ անեն, ակնկալվող արդյունք չի լինի՝ վստահ են նրանք:

Խոսելով մարզաձեւի ապագայի մասին՝ Դավիթ Խիթարյանը խնդիրների խնդիր համարում է ֆինանսների սղությունը: Նրա փոխանցմամբ, արդեն քանի տարի ֆեդերացիան պետությունից որպես աջակցություն ստանում է 71 միլիոն դրամ: Մինչդեռ, այս տարիներին հսկայական արժեզրում է եղել: Այդ պատճառով իրենց բյուջեի գրեթե հիսուն տոկոսը ծախսվում է օդանավի տոմսերի եւ հյուրանոցների վրա: «Ինչ անում ենք, մեր նվիրվածության, խանդավառության արդյունք է: Այդպես ենք փորձում փոխհատուցել: Համագործակցում ենք նաեւ մի շարք կազմակերպությունների հետ: Մեզ շատ մեծ աջակցություն է ցույց տալիս Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, աշխատում ենք պաշտպանության, ԿԳ նախարարության հետ: Մեզ աջակցում են նաեւ ձյուդոի համաշխարհային ֆեդերացիան ու Եվրոպայի միությունը, որոնք տարիներ ի վեր հետեւելով մեր աշխատանքին՝ վստահում են մեզ» – ասում է Դավիթ Խիթարյանը:

Նրան մտահոգում է նաեւ այն փաստը, որ ձյուդոն թեեւ մեզանում հենակետային մարզաձեւերից մեկն է, սակայն մինչեւ այսօր Հայաստանում չկա ձյուդոյի գեթ մեկ մասնագիտացված մարզադպրոց: «Ընդամենը մարզադպրոցներ կան, որտեղ ձյուդոյի խմբեր են գործում: Չկան նաեւ կենտրոնացված բազաներ, որտեղ հավաքներ անցկացնենք: Ինչ հնարավորություններ ունենք այսօր, մեր արդյունքները դրանց ուղիղ համեմատական են», – եզրափակում է Դավիթ Խիթարյանը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

09.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031