Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամանորյա տոները չափից դուրս երկար են

Դեկտեմբեր 09,2016 10:19

Վարչապետի՝ լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ հարց հնչեց՝ արդյոք շատ ճոխ չէ՞ մեզ նման երկրի համար դեկտեմբերի մոտավորապես 26-27-ից մինչեւ հունվարի 6-ը արձակուրդ հայտարարել: Կարեն Կարապետյանը համաձայն էր այդ դիտարկմանը, բայց նշեց, որ հունվարի 3-ից սկսած աշխատանքային օրեր հայտարարելը պետք է լինի օրենքով, բայց քանի որ այժմ նման օրենք ընդունելու համար ժամանակ չկա, մենք շարունակելու ենք 10 օր գոջի ուտել: Իսկ ահա հաջորդ տարվանից օրենքը, հավանաբար, կփոխվի:

Դա ողջունելի մոտեցում է՝ կեցցե աշխատանքը: Բարիքները ստեղծվում են աշխատանքով, մարդիկ բարձրացնում են իրենց ինքնագնահատականը աշխատանքով, բոլոր տեսակի նեղվածությունները եւ դժգոհությունները հաղթահարվում են աշխատանքով: 10 օր շարունակ խոզի միս եւ «բլինչիկ» ուտելը բթացնում է մարդուն, փչացնում է (ոչ թե բարձրացնում է) նրա տրամադրությունը, մի տեսակ հոգեկան դատարկություն է առաջացնում:

Երեկ ռեպորտաժ եմ տեսել սիրիահայ մի ընտանիքի մասին, որի տիկինը շատ իմաստուն միտք էր արտահայտել՝ պետք է գործդ սիրով անես, որպեսզի վաստակես: Այդ մարդիկ Հալեպում ապրել են վիլլաներոմ, արտադրամասի սեփականատեր էին, տեսել են պատերազմ եւ ավեր, հիմա այստեղ սկսում են զրոյից, հրուշակեղեն են թխում՝ վաճառում եւ դա անում են ժպտալով, կատակելով, կյանքից չբողոքելով: Իհարկե, հայաստանցիների մեջ էլ կան նման հազարավոր մարդիկ: Նրանք ֆեյսբուքում ջղային գրառումներ չեն անում, փողոցներով չեն թափառում, որպեսզի «թարմ ականջ» գտնեն եւ իրենց դարդերը պատմեն: Նրանց մտքերը կենտրոնացած չեն նրա վրա, թե ով է հարուստ, ով ինչ մեքենա կամ տուն ունի՝ աշխատող մարդը դրա վրա չի կարող կենտրոնանալ: Իսկ նրանք, ովքեր կենտրոնանում են եւ առանձնապես մատը մատին չեն խփում, այդ մարդիկ, երբ գալիս է դեկտեմբերը, սկսում են տրտնջալ՝ «վայ, երբ է էս Նոր տարին գալու, մի քիչ դինջնանք»: Եվ սկսվում է անիմաստ ժամավաճառության շրջանը:

Մի խոսքով՝ ամանորյա տոները պետք է խիստ կրճատել: Երեկ կառավարությունում խոսվել էր այն մասին, որ մաքսավորները եւ բանկերը պետք է աշխատեն արտակարգ՝ «ոչ գոջիական» ռեժիմով: Շատ լավ է, կյանքը չպիտի պարալիզացվի: Հաջորդ քայլը պետք է լինի միայն 31-ը, 1-ը, 2-ը եւ 6-ը ոչ աշխատանքային օրեր հայտարարելը:
Իհարկե, ամեն մարդ իրավունք ունի հանգստի՝ իրավունք, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Բայց դա անհատի իրավունքն է, նա պետք է տարվա ընթացքում օրերի որոշակի քանակի արձակուրդ ունենա: Զանգվածային «անգյալության» հետ դա կապ չունի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Շիտակն ասած, Արեւմուտքում ալ արձակուրդները շատ կարճ են, մարդիկ տենչում են որ մի քիչ աւելի երկար լինեն, մի բան հասկանան Տօներից: Ծնունդի եւ Կաղանդի «տօնական ոգին» հիմնականօրէն կ’անցնի խճողված շուկաները վազվզելով, զարդարանքներ եւ նվերներ գնելու համար: Եթէ Ծնունդ-Ամանոր ժամանակաշրջանին մի հատ լայնածավալ, ընտանեկան հաւաք լինի, այդ ել մեծ բան է արդէն: Շատերը իրենց կարգ մը հարազատները տեսնելու առիթը իսկ չունեն:

    Ուրեմն, “be careful what you wish for», ինչպէս կ’ըսեն…

    Սակայն ստիպված չէք ամողջ արձակուրդը անցընել միայն ուտելով եւ խմելով: Կարելի է նաեւ պտոյտի երթալ, Հայաստանի, Արցախի այլազան վայրերում: Լաւ առիթ մը կը հանդիսանա որ ժողովուրդը երկրի այլ ու այլազան վայրերը այցելէ, վայելէ, եւ նաեւ, որ տարբեր շրջանների բնակիչներ իրարու հանդիպեն, մի քիչ աւելի մօտից ծանօթանան: Երկրում Միություն հաստատելու կամ ամրապնդելու հոյակապ առիթ է:

    Իսկ եթէ աշխատանքային օրերին Հայաստանի ամէն բնակիչ իր ունեցած գործը կատարէ արեւմտեան չափանիշներով, արդէն այդ արձակուրդը երկար չի թվիր ձեզի…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031