Վաշինգտոնը երկար չի սպասելու,
Կարեն Կարապետյանից հստակ քայլեր են պահանջում
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու իրավասություն ձեռք բերելու համար երկիրը պետք է անցնի առաջին միավորային ցուցիչը (scorecard)՝ Tert.am-ի հարցմանը, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է մասնակցել ծրագրի երկրորդ փուլին, պատասխանել է կորպորացիայի մամուլի քարտուղար Լաուրա Ալենը՝ մանրամասնելով. «Միավորային ցուցիչները կազմված են եռամաս հաստատությունների 20 ցուցիչներից, որոնք չափում են երկրի պատասխանատվությունը արդարադատության կառավարման, մարդկանց համար ներդրումների եւ տնտեսական անկախության ոլորտներում: Միավորային ցուցիչն անցնելու պահանջներից մեկն այն է, որ երկիրը պետք է իր հաշիվն ավելին դարձնի, քան իր մրցակիցների կեսը՝ «Կոռուպցիայի ղեկավարման» ցուցանիշների համաձայն, որը գալիս է Համաշխարհային բանկից»:
Լաուրա Ալենի խոսքով՝ Հայաստանն առայժմ չի համապատասխանում այդ պահանջներին. «Հայաստանի ցուցանիշը 48 տոկոս է, որը տոկոսային շեմ հանդիսացող 50 տոկոսից ցածր է… Մրցույթի հետագա փուլը շատ լարված է, եւ դրա ընտրության չափանիշներն ավելի բարձր են նախկինների համեմատ: Պատճառն այն է, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան ցանկանում է տեսնել հիմնավոր ապացույցներ քաղաքականությունը բարելավելու, կարողությունների ուժեղ իրականացման ուղղությամբ, ինչպես նաեւ բարեփոխումներ իրականացնելու ձգտում»,- ասաց նա: Հարցին, թե ինչ բարեփոխումների անհրաժեշտություն կա Հայաստանում, Լաուրա Ալենը չի պատասխանել, նա նշել է, թե հարցին պետք է պատասխանեն հայաստանյան իշխանությունները:
Հայտնի է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ կրկին պատրաստվում է դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի երկրորդ փուլին։ Հայաստանի մասնակցության հարցը հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգում է։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած Մարտի 1-ի իրադարձությունների պատճառով դադարեցվեց «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը` Հայաստանում իրականացվող շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհների վերանորոգման ծրագիրը, մոտ 68 միլիոն դոլար արժողությամբ:
Ընդհանուր առմամբ 1991 թվականից ի վեր ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի միջոցով Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը կազմում է 2.18 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, 1998թ. սկսած՝ ԱՄՆ ՄԶԳ-ը մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին:
ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո շատերին էր հետաքրքրում հարցը` արդյոք փոփոխություններ կարո՞ղ են լինել Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերություններում, եւ շատերն են կանխատեսել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում նշանակալի տեղաշարժեր դժվար թե արձանագրվեն:
«25 տարի է` ԱՄՆ բոլոր նախագահների, անկախ այն հանգամանքից՝ հանրապետական են, թե դեմոկրատ, նպատակն է եղել, որ Հայաստանը ժողովրդավար, բարգավաճ երկիր լինի եւ խաղաղության մեջ համագոյակցի իր հարեւանների հետ: Եվ այս նպատակը՝ բարեկեցիկ, ազատ, անվտանգ Հայաստանի վերաբերյալ, չեմ կարծում, որ կփոխվի: Մեր գերակայությունները կպահպանվեն, այն է՝ մեր երկու երկրների միջեւ օգնել առեւտրի եւ բիզնեսի զարգացմանը, ամրապնդել ժողովրդավարական կառույցները»,- օրերս լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` հավելելով, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աշխատել Կարեն Կարապետյանի հետ, եւ որ առայժմ ինչ նա լսել է վարչապետից՝ կոռուպցիայի խնդրին առաջնահերթություն տալու հարցում, հուսադրող է:
Սակայն այնուհետեւ ԱՄՆ դեսպանը բավական ուշագրավ դիտարկում է արել. «Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից, հայկական լրագրությունից՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաեւ, քանի որ այն կարող է խոչընդոտել Հայաստանում բիզնեսի աճին եւ ներդրումներին: Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ է եւ մտահոգված է այս ամենով: Ես ասել եմ վարչապետին, որ ԱՄՆ դեսպանությունը եւ կառավարությունը պատրաստ են իր հետ աշխատել եւ ցանկացած հնարավոր ձեւով աջակցել իրեն»:
ԱՄՆ դեսպանի խոսքը, եթե դիվանագիտականից ժողովրդական լեզվի փոխենք, ապա ասելիքը հստակ է ու պարզ: Վաշինգտոնը Կարեն Կարապետյանից կոնկրետ քայլեր է ակնկալում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Դրա մասին տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների ելույթներն ու դատողությունները որպես իրականություն ընդունելու ու դրանց հավատալու ժամանակներն անցել են:
ԱՄՆ դեսպանը հստակ գնահատական է տալիս` կոռուպցիան խոչընդոտում է Հայաստանում բիզնեսի աճին եւ ներդրումներին: Արդեն որերորդ անգամ Միլսը բացահայտ ընդգծում է` կոռուպցիան խնդիր կհանդիսանա ազգային անվտանգության համար: Իսկ նախօրեին նա ավելի է բացել «փակագծերը» եւ ներկայացրել դրա հետեւանքները` «քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ»:
Սա առավել քան թափանցիկ ակնարկ է այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի կոռումպացված պաշտոնյաներն ու կոռումպացված գործարարները հայաստանյան զարգացումների վրա ազդեցություն չունենան դրսից: Եթե, իհարկե, իսկապես Հայաստանի կառավարությունը գործնականում մտադիր է արմատախիլ անել կոռուպցիան:
Միացյալ Նահանգները բաց ասում է, որ գումարներն անտեղի «քամուն չի տալու»:
Այլ կերպ ասած` Կարեն Կարապետյանի ու նրա ձեւավորած կառավարության անդամների ճառերը լսելով Վաշինգտոնը Հայաստանին «բոնուսներ» չի տրամադրելու: Կա՛մ կոնկրետ գործ, կա՛մ ոչինչ: ԱՄՆ դեսպանն ուղղակի հասկացրել է, որ թեեւ Կարապետյանի հայտարարությունները «հուսադրող» են, բայց պահանջվում են հստակ քայլեր:
Եվ մեկ էլ ամերիկացի դիվանագետի կողմից արձանագրումը, որ կոռումպացվածներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել հայաստանյան զարգացումների վրա ազդեցություն ունենալ, ու դա ազգային անվտանգության խնդիր է, պետք է որ Հայաստանի իշխանությունների համար մտորելու բավական լուրջ թեմա հանդիսանար: Սա մի թեմայի վերաբերյալ գնահատական է, որը վստահաբար դիվանագետն արել է` ունենալով խորքային պատկերացումներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ծավալված համակարգային խնդիրների մասին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 08.12.2016