Ստուգումներ են սկսվել մի շարք ընկերություններում
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում», «Գյումրի Գարեջուր» ընկերությունում, «Հայջրմուղկոյուղի»-ում, Անի» փոքր ՀԷԿ-ում, «Նորմա կաթ»-ում եւ մի շարք այլ ընկերություններում ստուգումներ են սկսվել:
Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր տեսչական ստուգումներն իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող համագործակցության սկզբունքով: Վարչապետը նշել էր, որ տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ որպես աջակցող: Վարչապետը մեր երկրում սննդի անվտանգությունն ապահովելու համար մի առիթով էլ ասել էր. «Պռոստը շանտղություն կլինի, ղալաթ բան կլինի, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում, թե մեր երեխան, աղջիկը, հարսը, ով ինչ ա ուտում»:
Ծանոթանալով այդ ստուգումների հիմնավորումներին եւ դրանց վերաբերյալ ահազանգերին՝ կարելի է ենթադրել, որ տնտեսվարողներն ուղղակի «շանտղություն են» արել, եւ մի այլ կարգի շանտղություն կլինի, եթե ահազանգերը հաստատվեն, բայց տեսուչներն այդ տնտեսվարողներին վերաբերվեն, վարչապետի ասած՝ որպես «աջակցող»:
Այս ստուգումներն իրականացվում են վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո:
Հիմա հերթով նշենք, թե որ ընկերություններին եւ ինչ հիմնավորումներով են ստուգելու:
ՀՀ բնապահպանության նախարարության գրության համաձայն՝ «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ն չի պահպանում ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված բնապահպանական թողքի չափաքանակները: Հիմնավորման մեջ նշված է. «Մամուլում կրկին հրապարակվել են նյութեր ընկերության կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման, ինչպես նաեւ Շաքի գետի ջրերը «Դավիթ Մինասյան» ԱՁ-ի կողմից ձկնաբուծության նպատակով օգտագործման հետեւանքով Շաքիի ջրվեժի վտանգման վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրության համաձայն էլ՝ «Հայջրմուղկոյուղի»-ի Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից Եղեգնաձոր քաղաքի կոյուղաջրերի չմաքրման հետեւանքով Արփա գետի Սարկողի վտակի ջրերի աղտոտման պատճառով հնարավոր է՝ բնակչության եւ շրջակա միջավայրի համար առաջանան վտանգավոր հետեւանքներ: Ստուգում չիրականացնելու դեպքում հնարավոր է՝ շարունակվեն բնակչության առողջությանը եւ շրջակա միջավայրին վտանգ սպառնացող ազդեցությունները: Ստուգումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դրանց արդյունքում կիրառված կանխարգելիչ միջոցառումները կկանխեն Շաքիի ջրվեժի՝ որպես բնության հուշարձանի, կենսագործունեության խաթարման վտանգը, կկանխվեն Արփա գետի աղտոտումն ու դրա ազդեցությունը բնակչության ու շրջակա միջավայրի վրա, կնպաստեն էկոհամակարգի վերականգնմանը»:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ստուգում իրականացնելու վերաբերյալ հիմնավորման համաձայն էլ՝ ընկերությունը չի պահպանում ընդերքօգտագործման աշխատանքների անվտանգությունը, ընկերությունը չի վարում պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան, չի իրականացնում թիվ ՊՎ-311 օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Ստուգման չիրականացման հետեւանքով, ըստ հիմնավորման, հնարավոր է՝ ընկերության աշխատակիցների կյանքին եւ առողջությանը սպառնան վտանգներ, ինչպես նաեւ վնաս պատճառվի ընկերության շահերին:
«Մհեր» ՍՊԸ-ում էլ ստուգում իրականացնելու ԱԱԾ հիմնավորման մեջ էլ նշված է՝ ընկերությունում արտադրված ոչ գազավորված խմելու ջուրը ունեցել է գարշահոտություն եւ պղտորություն, ջրում հայտնաբերվել են մանրէաբանական ցուցանիշների շեղումներ, եւ ստուգումների դեպքում կբացահայտվեն շշալցված խմելու ջրի որակի սանիտարահիգիենիկ եւ տեխնոլոգիական պահանջների պահպանման խախտումները: ԱԱԾ-ն «Էկոլոգիա ՎԿՀ» ՍՊԸ-ում ստուգումներ անելու անհրաժեշտությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ այս ընկերությունն առանց կիզարանի զտիչի իրականացնում է թափոնների այրում, մթնոլորտ են արտանետվում աղտոտող վնասակար նյութեր, եւ ստուգում չիրականացնելու դեպքում հնարավոր է՝ շարունակվեն բնակչության առողջությանը եւ շրջակա միջավայրին վտանգ սպառնացող ազդեցությունները:
«Գրիգոր Թադեւոսյանի Կվարց» ՍՊԸ-ի եւ «Անի» ՓՀԷԿ-ում ստուգում անցկացնելու հիմնավորումների մեջ էլ գրված է. «Անի» ՓՀԷԿ-ի գործունեության արդյունքում ընկերության կողմից գետի բնապահպանական թողքերի չպահպանման, ինչպես նաեւ ՓՀԷԿ-ի պատվարի ոչ բավարար տեխնիկական լուծման հետեւանքով Սեւանա լճի էկոհամակարգերի համար ստեղծվել է բնապահպանական անվտանգության սպառնալիք, Սեւանի իշխանի ձվադրման համար անհրաժեշտ միգրացիոն վերընթաց եւ վայրընթաց ուղիները փակված են Կարճաղբյուր գետի որոշակի հատվածում: Սակավաջրության պատճառով սպասվելիք ոռոգման սեզոնում կծագեն հարակից համայնքների մշակովի դաշտերի ոռոգման լուրջ խնդիրներ: «Անի» ՓՀԷԿ-ում ստուգման իրականացման արդյունքում կիրառված միջոցներով կկանխվեն Սեւանա լճի էկոհամակարգին եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող գործոնները»:
«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումներից հետո պարզվել է, որ պետք է ստուգել նաեւ մատակարար «Անանո» ՍՊԸ-ն եւ կաթնամթերք արտադրող «Նորմա-Կաթ» ՍՊԸ-ն, հակառակ դեպքում արտադրողը եւ մատակարարը, ըստ պաշտոնական հիմնավորման, կարող են շարունակել վտանգավոր սննդամթերքի թողարկումը եւ իրացումը, որով կվտանգվի սպառողների առողջությունը՝ առաջացնելով ստամոքսաաղիքային տրակտի խանգարումներ: Ըստ հիմնավորման՝ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան հարկադրանքի միջոցներ:
«Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում կրկին ստուգում իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նշված է կառավարության պաշտոնական հիմնավորման մեջ, քանի որ ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին գարեջրի իրացման ծավալների, ծախսերի եւ հասույթների վերաբերյալ իրարամերժ տեղեկատվություն է տրամադրել, ուստի հանձնաժողովը չի կարողացել պարզել գարեջրի գների բարձրացման պատճառները: «Գյումրի Գարեջուր»-ում, ինչպես նշված է պարզաբանման մեջ, կուսումնասիրվեն ընկերության հաշվապահական, ֆինանսական եւ այլ փաստաթղթերը, կճշգրտվի ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը ու կգնահատվի գարեջրի վաճառքի գների բարձրացման օբյեկտիվությունը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
08.12.2016