Բալետի երիտասարդ արտիստ
Միլիտոն Կիրակոսյանը հաջողություններ է գրանցում
«Առավոտը» տեղեկացրել էր (15.04.2016թ.) Մեծ թատրոնի բալետային խմբի ղեկավար, անվանի խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի ասիստենտ Ռուսլան Պրոնինի ղեկավարությամբ Երեւանի օպերային թատրոնում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» ներկայացման փորձերի անցկացման մասին: Մեր օպերային թատրոնում այդ բալետն իրականացրել էր Գրիգորովիչը՝ 2009թ.: Մեզ հետ զրույցում Պրոնինն ասել էր, որ «Սպարտակը» մոնումենտալ գործ է՝ բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով, հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով, ինչը պահանջում է բազմամարդ տեսարաններ: Դա էր պատճառը, որ հրավիրվեցին նաեւ «Բարեկամություն» անսամբլի տղաները: Ի դեպ, Պրոնինը հայտնել էր նաեւ, թե մեր կորդեբալետի 1-2 արտիստներ կարող են համալրել Մեծ թատրոնի բալետային խումբը:
Հենց Ռուսլան Պրոնինի խորհրդով Երեւանի թատրոնի բալետային խմբի մենապարող Միլիտոն Կիրակոսյանը վերջերս գտնվում էր Բելգիայի Անտվերպեն քաղաքի Operagebouw թատրոնում: Մեզ հետ հանդիպման ժամանակ արտիստն ասաց, որ Անտվերպենում առաջին անգամ է բեմադրվում «Սպարտակը»: Տեղի թատրոնի ղեկավարությունը հրավիրել է Գրիգորովիչին, բայց նրա վատառողջ լինելու պատճառով նույն գրիգորովիչյան բեմադրությունն իրականացնում է Ռուսլան Պրոնինը:
«Operagebouw թատրոնի բալետային խումբը, ինչպես եւ մերը, փոքրաթիվ է, հետեւաբար մասշտաբային ներկայացումների համար հրավիրում են արտիստների: Կոնկրետ իմ թեկնածությունը՝ Կրասոսի գլխավոր դերապարի համար, առաջարկել էր Պրոնինը»,- հայտնեց Միլիտոն Կիրակոսյանը: Հավելեց, որ հիշյալ դերապարի համար հրավիրված են նաեւ արտիստներ Ռուսաստանից եւ Գերմանիայից, իսկ Բելգիայում «իր» Կրասոսին ծանոթացել են տեսագրության միջոցով: Ռեպլիկին՝ փաստորեն, Անտվերպենի թատրոնը յուրատեսակ մրցույթ է անցկացնում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սպարտակի» պրեմիերան տեղի է ունենալու 2017թ. հունվարի վերջերին: Արդեն նշանակված է 7 պրեմիերա, եւ եթե ինձ ընտրեն, կմասնակցեմ պրեմիերային 3 ներկայացումների»: Հարցին՝ իսկ եթե չընտրե՞ն իրեն, արտիստը պատասխանեց. «Արդեն որոշված է, որ պրեմիերային մասնակցելու է Երեւանի օպերային թատրոնի 20 տղամարդ բալետի արտիստ: Եթե ինձ չընտրեն, ես կմիանամ գործընկերներիս ու կլինեմ կորդեբալետում: Կրասոսի ընտրությունը կախված է նաեւ գլխավոր կերպար Էգինայի դերապարով հանդես եկող պարուհուց: Իսկ այդ թատրոնում Էգինաները երկուսն են»:
Կարդացեք նաև
Միլիտոն Կիրակոսյանը Երեւանի օպերային թատրոնում է շուրջ 2 տարի, եւ առաջին դերապարը 19 տարեկանում հենց Կրասոսն է եղել: Մեր թատրոնում Միլիտոնը հանդես է եկել գլխավոր դերապարով նաեւ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ», (Տիբալդ) բալետային ներկայացման մեջ, հիմա էլ պատրաստում է Զվեզդիչի եւ Արմենի դերապարերը Խաչատրյանի «Դիմակահանդես» եւ «Գայանե» ներկայացումներում:
«Առավոտ»
08.12.2016