Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահ երկրները պատրաստ են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, երբ նրանք պատրաստ կլինեն

Դեկտեմբեր 08,2016 23:45

Քերի-Լավրով-Էրո համատեղ հայտարարությունը՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո համատեղ հայտարարություն են տարածել, որում իրենց հավատարմությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ապրիլին շփման գծի երկայնքով դրամատիկ լարվածության ֆոնին մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի (այդ թվում ծանր սպառազինության օգտագործմամբ) կապակցությամբ և խստորեն դատապարտում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քաղաքացիների շրջանում զոհերն ու վիրավորումները որևէ արդարացում չունեն: Մենք նաև տեղեկացված ենք ապրիլին կռվի դաշտում իրականացված վայրագությունների մասին, ինչը մենք խստորեն դատապարտում ենք: Մենք կողմերին կոչ ենք անում հաստատել իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ լուծմանը՝ որպես տարածաշրջանի ժողովուրդների համար կարգավորման միակ իրական ուղի:  Մենք նաև նրանցից պահանջում ենք խստորեն հետևել 1994/95թթ. հրադադարի համաձայնագրին, որը հակամարտության գոտում թշնամությանը վերջ տալու հիմքն է:

Մենք կոչ ենք անում Երևանին և Բաքվին հարգել մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովների համատեղ հայտարարություններում արտացոլված պայմանավորվածությունները: Մենք ողջունում ենք կողմերի առաջընթացը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման հարցում: Կողմերից պահանջում ենք վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնմանն ուղղված բոլոր մնացած խոչընդոտները և առաջընթաց գրանցել՝ ԵԱՀԿ ուսումնասիրությունների մեխանիզմ մշակելու առաջարկի ուղղությամբ: Առաջարկը պետք է իրականացվի կարգավորման շուրջ բանակցությունների անհապաղ վերականգնմանը զուգահեռ: Մենք կցանկանայինք ևս մեկ անգամ կրկնել մեր կոչը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ ճկունություն ցուցաբերել և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ ներկայիս աշխատանքային առաջարկների հիման վրա կայուն խաղաղությանն ընդառաջ գնալու հաստատուն կամքով: Քանի դեռ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել, ուժի կիրառման վերականգնման հնարավորությունները միայն կաճեն, որի ամբողջ պատասխանատվությունը կդրվի կողմերի վրա:

Մենք կողմերին հիշեցնում ենք, որ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան ամփոփիչ արձանագրության հիմնական սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման, և հավելյալ տարրեր վրա, ինչպես որ առաջարկվել է համանախագահ երկրների նախագահների կողմից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, ԼՂ միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության և ինքնիշխանության երաշխիքով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում՝ օրինական կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի իրավունք իրենց նախկին բնակության վայրեր, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն: Մեր երկրները կշարունակեն սերտորեն աշխատել կողմերի հետ, որոնց մենք կոչ ենք անում լիարժեք կերպով աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:

Համանախագահ երկրները պատրաստ են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, երբ նրանք պատրաստ կլինեն: Մենք ամուր հավատով ենք լցված առ այն, որ նախագահներին անհրաժեշտ է առաջին իսկ հնարավորության դեպքում ազնիվ բանակցություններ վարել: Նախագահների միջև շարունակական ուղիղ երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո, շարունակում է մնալ վստահության ձևավորման և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական բաղադրիչը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031