Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրաշարժը»՝ Գյումրիում. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2016 23:40

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում առաջին անգամ ցուցադրվեց արդեն իսկ մեծ էկրանին հայտնված «Երկրաշարժ» ֆիլմը։ Ֆիլմի այսօրվա հանդիսատեսը մեծամասամբ երկրաշարժ տեսած մարդիկ էին, որոնք անընդմեջ հուզվում էին, սրբում արցունքները՝ վերհիշելով 1988 թվականի դեկտեմբերի 7-ին իրենց ապրած դաժան օրերը, փլատակների ու սգի վերածված քաղաքը։

Հանդիսատեսներից տարեց մի կին նույնիսկ նեղվեց, թե հազիվ էինք մի պահ մոռացել, պե՞տք էր սա մեզ տեսնելը։ Ֆիլմի ավարտից  հետո շատերը, հատկապես տղամարդիկ լուռ ու մտախոհ հեռանում էին, կանայք՝ ընդհակառակը, երկրաշարժի մասին իրենց ցավոտ հիշողություններն էին բարձր-բարձր պատմում, քննարկում ֆիլմում տեղ գտած դրվագները։

15401201_1534914139883866_1841108395_n 15423653_1534914179883862_1600487824_n

Նշենք, որ երկու ամիս առաջ Գյումրում եղել է ֆիլմի փակ դիտում, ու տարբեր կարծիքներ են հնչել․․․Այսօր թատրոնի դահլիճում ոչ մի ազատ տեղ  չկար, այն  դիտում էին անգամ կանգնած ու հատակին նստած։ Ֆիլմը դիտելու էր եկել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել  Բալասանյանը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի հետ։

Ֆիլմի ստեղծագործական անձնակազմից Գյումրի էր եկել կոմպոզիտորը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը՝ Հայկոն։ Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը՝ Սարիկ Անդրեասյան է,օպերատորը՝ Յուրի Կորոբեյնիկովը։ Հայկոն ասաց, որ տարբեր քաղաքներում ֆիլմը ներկայացնում են ստեղծագործական խմբից տարբեր մարդիկ, և մեծ պատիվ համարեց, որ գյումրեցիներին  ներկայացնելու է ինքը։

«Ֆիմը շատ հուզիչ է, կուզենայի, որ գյումրեցիներին դուր գար, նաև հայերիս համար կարևոր է ֆիլմի մեծ էկրանը դուրս գալը, ամբողջ աշխարհը սկսել է խոսել Հայաստանի  մասին, սկսել է խոսել Գյումրիի մասին։ Ասեմ, որ ֆիլմն ինքն իրենով ֆիլմ-շնորհակալություն է ամբողջ աշխարհին, այն բոլոր երկրներին, որոնք դժվարին օրերին եղել եմ մեր հայերիս կողքին»,- ասաց ֆիլմի կոմպոզիտորը։

Նշենք, որ ֆիլմում միայնակ չլինելու գաղափարը շեշտված էր մի քանի դրվագներով, երբ հերոսներից տարեց տղամարդը երկրաշարժի 4-րդ օրը փլատակների տակից ողջ գտավ իր կնոջը, ու կինը հարցրեց՝ հիմա ինչպե՞ս ապրենք՝ այսպես ցավով, երկրաշարժից փրկված տղամարդը, վերարժեվորելով իր կյանքը, ասաց․«Կապրենք,ինչպես ապրել ենք, մենակությունն է ցավ, իսկ մենք երկուսով ենք»։

Վաղը ֆիլմը կցուցադրվի Վանաձորում՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հրավերով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Ոչ վատ ֆիլմ էր, ոչ վատ: Միջին էր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031