Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում այլ պետության համարանիշներով վարվող տրանսպորտային միջոցները

Դեկտեմբեր 08,2016 22:40

«Անպատժելի ռուսական համարները» վերնագրով «Հայկական Ժամանակ» օրաթերթի 08.12.2016թ. հրապարակման կապակցությամբ կատարված ուսումնասիրություններով տեղեկացնում ենք.

Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացվում է ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության, ճանապարհների թողունակության և մի շարք այլ հանգամանքների մասնագիտական վերլուծության արդյունքների հիման վրա:

Հայաստանում կանոնները չափազանց խիստ և անարդար լինելու վերաբերյալ հորդորում ենք հոդվածագրին կարծիքներ արտահայտել գոնե նվազագույն մասնագիտական վերլուծության արդյունքների հիման վրա: Այս առումով անհրաժեշտ ենք համարում որպես օրինակ ներկայացնել այն, որ եվրոպական մի շարք երկրներում բնակավայրերում առավելագույն արագությունը սահմանված է 50 կմ/ժ, իսկ Հայաստանի Հանրապետությունում անգամ 60կմ/ժ սահմանվածի դեպքում, արագության գերազանցման համար պատասխանատվություն առաջանում է 71կմ/ժ-ից:

Ճանապարհային երթևեկության «Վերին Պտղնի» 5.23.1 «Բնակավայրի սկիզբ» նշանը թելադրում է տրանսպորտային միջոցների վարորդներին, որ նշված վայրում երթևեկության սահմանված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է և տվյալ նշանի առկայությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ և ոչ թե որևէ անձի ցանկությամբ կամ կարծիքով:

Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված բոլոր անձանց նկատմամբ, անկախ տրանսպորտային միջոցի տարածքային պատկանելիությունից, Ճանապարհապարեկային ծառայության կողմից կիրառվում են համապատասխան վարչական ներգործության միջոցներ՝ հետևաբար «Անպատժելիներ» չկան:

Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցների վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար 2015 թվականի դեկտեմբերի 21-ին մի շարք իրավական ակտերում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ինչի արդյունքում իրավական կարգավորում է ստացել Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների փաստերով իրականացվող վարչարարությունը:

Այսպես, «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7.1 հոդվածով սահմանվել է, որ նույն օրենքով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցը ՀՀ ներմուծող կամ այն արտահանող անձը: Նույն հոդվածով սահմանվել է նաև, որ, եթե իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, եթե մինչ այդ սահմանված կարգով վարչական ակտը չի հանձնվել:

Սահմանվել է նաև, որ վարչական ակտով իր վրա դրված պարտականությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չկատարելու դեպքում օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով: Նշված դրույթն ամրագրվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում 21.12.2015 թվականին կատարված լրացումով:

Վերը նշված իրավական ակտերի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ դրանց կիրառումը պահանջում է մեծածավալ աշխատանքներ համապատասխան տեխնիկական և ծրագրային կառուցակարգեր ստեղծելու համար, ինչը ներկայումս կատարվում է: Շարադրվածից պարզ է դառնում, որ այստեղ նույնպես հոդվածագրի կարծիքները հիմնված չեն գոնե նվազագույն մասնագիտական փաստերի վրա:

Վստահեցնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում այլ պետության համարանիշներով վարվող տրանսպորտային միջոցները, հետևաբար գրեթե բոլորը, գոնե մեկ անգամ ենթարկվում են ստուգման:

Հոդվածում նշված «G» դասի Մերսեդես մակնիշի ավտոմոբիլը նույնպես բացառություն չէ և հերթական ստուգման արդյունքներով պարզվել է, որ այդ ավտոմոբիլի հաշվառումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացվել է օրինական հիմքերի հիման վրա և հատկացվել է c462pm777 հաշվառման համարանիշները և այն հաշվառված չէ Սամվել Ալեքսանյանի անվամբ:

Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվող ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են կեղծված համարանիշներով վարելու դեպքեր, որոնց փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել են քրեական գործեր:

Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների հաշվեկշռում գտնվող ավտոմոբիլների համարանիշներով թույլ տրված իրավախախտումներով իրականացվող վարչարարությանը, ապա տեղեկացնում ենք հոդվածագրին, որ գործընթացը կարգավորված է «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ նյութերը վարչական մարմինն ուղարկում է համապատասխան պետական կառավարման մարմին՝ կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար:

Կրկին հորդորում ենք ՀՀ ոստիկանության գործունեությունն արատավորելու փորձ անողներին՝ հայտարարություններ և կարծիքներ հրապարակելուց առաջ հիմնվել գոնե նվազագույն մասնագիտական և գիտական փաստերի վրա:

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031