2016թ. նոյեմբերի 17-ի երեկոյան Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի 23-ամյա բնակիչ Իվան Հայրապետյանի դին՝ բերանի եւ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Զինծառայողի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»): Ի. Հայրապետյանն ամուսնացած չէր, նրա մայրը Նորաշենի դպրոցում ռուսերենի ուսուցչուհի է, Հայրապետյանները սովորական ընտանիք են:
Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանին հարցրինք, թե Ի. Հայրապետյանի մահվան գործով ձերբակալված անձ կա: Նա հայտնեց, որ այդ գործով ձերբակալված չկա: Ա. Զաքարյանին հարցրինք՝ քրեական գործով կասկածյալներ կա՞ն: Զինվորական դատախազն ասաց,որ դա նախաքննական գաղտնիք է: Նորաշեն համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանին հարցրինք՝ իմացե՞լ են համագյուղացու մահվան պատճառը: Գյուղապետն ասաց, որ դա ինքնասպանություն է: 23-ամյա երիտասարդը ինչո՞ւ պետք է ինքնակամ հեռանար կյանքից: Այս հարցին ի պատասխան Գ. Աբրահամյանն ասաց՝ «խմած են եղել»:
Զորամասի հսկիչ-անցագրային կետում ծառայություն իրականացնող զինծառայողը ո՞նց կարող է ոգելից խմիչք օգտագործած լինել: Գյուղապետն ասաց, որ Իվանն այդ ժամանակ ոչ թե հսկիչ-անցագրային կետում է եղել, այլ՝ զորամասում եղած արագ արձագանքման խմբի կազմում: Նորաշենի գյուղապետից տեղեկացանք,որ Իվան Հայրապետյանին հուղարկավորել են քաղաքացիական հագուստով, ոչ զինվորական կարգով: Համայնքի ղեկավարի ունեցած տեղեկություններով՝ զորամասը Ի. Հայրապետյանի հոգեհացի ծախսերը հոգալու համար նրանց ընտանիքին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ