Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը չի զարմացել կաշառք ստանալու կասկածանքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.- ի ձերբակալման լուրից, որովհետեւ համոզված է, որ այդ վարչության տված շինթույլտվությունների մեծամասնությունն առանց կոռուպցիայի չի լինում:
«Անձամբ ես, որպես ավագանու անդամ, ինչքան շփվել եմ հողի վերահսկողության վարչության հետ, միշտ ունեցել եմ մտահոգություն, որ այդ վարչության տված թույլտվությունները, երբեմն, այնքան ցցուն ապօրինություն են իրենց մեջ պարունակում, որ ընդհանրապես չեմ զարմացել, որ այդ պաշտոնյային կաշառակերության մեջ բռնել են: Այնտեղ գրեթե որեւէ թույլտվություն առանց կաշառքի չի լինում, վերջին ավագանու նիստի հարց ու պատասխանի ժամանակ իմ այն հարցից, որից քաղաքապետն այդպես հանկարծ ցնցվեց, հենց դրան էր վերաբերում, որ տրված է շինթույլտվություն մի տարածքի վրա, որի վրա գրված է անբարեկարգ տարածք, բայց իրականում այն բարեկարգ գազոն է, հանրային սեփականության տարածք, որի վրա իրավունք չունեին թույլտվություն տալ: Այդ վարչության տված շինթույլտվությունների մեջ մեծամասնությունն առանց կաշառքի, առանց կոռուպցիայի չի լինում»,- Aravot.am-ին ասաց տիկին Բախշյանը:
«Սրանք այն ձկները չեն, որոնց գլխից պետք է բռնես, սրանք մանր ձկներն են եւ մեկ-երկու հոգու բռնելով` դատավորի, այս պաշտոնյային բռնելով կոռուպցիան չի վերացվելու: Կոռուպցիան վերացնելու համար պետք է գլխից բռնել, ինչպես ասել ժամանակին Սերժ Սարգսյանը: Իսկ գլխին ովքեր են, բոլորս շատ լավ գիտենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ