ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստերում քննարկված «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվել է ձայների 83 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նախագծով 2017 թ.-ին կանխատեսվում է 3,2 տոկոս ՀՆԱ-ի իրական աճ, ինչպես նաև պետական բյուջեի եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, պակասուրդը՝ 150 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծին եւ նշել, որ խորհրդարանի կողմից հաստատված 2017թ. պետական բյուջեն հնարավորություն կտա 2018թ. վերելքի փուլ թևակոխել:
Օրվա երկրորդ կեսին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է դրանով կարգավորվող հարաբերությունները համապատասխանեցնել ԱՀԿ գնումների համաձայնագրի նոր տեքստին, ինչպես նաեւ ԵԱՏՄ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի պահանջներին:
Կարդացեք նաև
Նախարարի տեղեկացմամբ՝ նախագծով նվազեցվում են գնումների կատարման ձեւերը` գնման յոթ ձեւի փոխարեն սահմանվում է չորս ձեւ, ինչը նպատակաուղղված է գնման ձեւերի ընտրության պարզեցմանը: Ներդրվող գնման ձեւերն են էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ եւ գնումներ մեկ անձից: Էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը կհաստատի ՀՀ կառավարությունը, իսկ հայտերի ներկայացման համար մասնակիցներին կտրվի մինչեւ 70 մլն. դրամը չգերազանցող գնումների դեպքում առնվազն 7, իսկ գերազանցելու դեպքում` առնվազն 15 օրացուցային օր ժամանակ: Գնանշման հարցման միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում եւ դրանց գինը չի գերազանցում 70 մլն. դրամը:
Հայտերի ներկայացման համար սահմանվում է առնվազն 4 աշխատանքային օր: Մրցույթի միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում եւ դրանց գինը գերազանցում է 70 մլն. դրամը: Հայտերի ներկայացման համար սահմանվում է քառասուն օրացուցային օր ժամանակ: Եթե առկա են չնախատեսված հանգամանքներ, ապա մասնակիցներին հայտերի ներկայացման համար տրվում է առնվազն 15 օրացուցային օր ժամանակ:
ՀՀ Ֆինանսների նախարարություն