Ազատամարտիկ Սարգիս Ղազարյանին, որը նոյեմբերի 3-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել, դեկտեմբերի 8-ին ոստիկանության բաժին էին հրավիրել:
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առավոտյան ժամը 9:30 ոստիկանները մոտեցել ու իրեն հրավիրել են ոստիկանության բաժին՝ ասելով, որ ոստիկանության բաժնում ցանկանում են իր հետ հանդիպել. «Ճիշտն ասած՝ ուրախացա, մտածեցի՝ կարո՞ղ է՝ բանկիրը, պատգամավորը խելքի են եկել: Ինձ չեն քաշել, ես հավատացի, շատ հանգիստ իմ ոտքով նստեցի ոստիկանական մեքենան: Բաժնում ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Հովհաննիսյանն էր, հարցրեցի՝ ով է ցանկանում ինձ հետ զրուցել, ասաց՝ նստի խոսենք: Առաջին հայացքից ինձ պարզ էր: Ասաց՝ Սարգիս ինչքա՞ն պետք է հացադուլ անես, պատասխանեցի ինչքան հացադուլ կանեմ, ինչքան չեմ անի, իմ խնդիրն է. սա արդարության պայքար է»:
Սարգիս Ղազարյանը հավելեց, որ իր կամքին հակառակ՝ 3 ժամ իրեն պահել են ոստիկանության բաժանմունքում: Նրա պնդմամբ՝ այդ ամենի նպատակն իրեն լիկվիդացնելն է՝ իրեն ոստիկանության բաժանմունքում այնքան պահելը, որ չկարողանա կառավարության նիստի ընթացքում կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կատարել. «Ես չգիտեմ, թե ում պատվերը կատարեցին: Կառավարության շենքի դիմաց լրատվամիջոցները շատ էին, նպատակն էր, որ լրատվամիջոցները ինձ չմոտենային, ես իմ խնդիրը չբարձրաձայնեի: Մարդիկ իրենց հանձնարարությունը կատարեցին»:
Սարգիս Ղազարյանը ընդգծեց, որ շարունակում է իր հայտարարած հացադուլը, որով պահանջում է հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ