Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում 7-8 հոգի միլիարդատեր են, մնացածը ռաբ են»․ հառիճցիներ. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2016 18:15

Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչներն այսօր Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին, որ գյուղի տղամարդկանց 99 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնում Մոսկվա ու Նովոսիբիրսկ, ու թեև մեծ մասը բարձրագույն կրթություն ունեն, բայց ստիպված են շինարարության վրա բանվոր աշխատել։ Գյուղի բնակիչների հաշվարկներով, այս պահին 100-ից ավել տան դռներ փակ են։

«Գնացին պայմանները լավ եղան, հո էլ հետ չեն գալու։ Ցավն այն է, որ Հառիճը հին, ավանդական գյուղ է, գիտեք, որ այստեղ է բուժվել ու ստեղծագործել Կոմիտասը, այստեղ է կրթվել Ավետիք Իսահակյանը, բայց հիմա մեր երեխաները գնում ու ռուսական կրթություն են ստանում։ Չպիտի թույլ տալ, որ գյուղերը դատարկեն, սա համազգային ցավ է, միայն Հառիճով չէ։ Այստեղ գյուղատնտեսությունը չի արդարացնում, բարձր լեռնային տեղանք է, աշխատատեղ ստեղծել է պետք, միայն Արթիկի գաղութում ու միլիցիայում աշխատելով չէ, ԽՍՀՄ տարիներին մենք գործարան ենք ունեցել Արթիկի ստեկլոմաշի մասնաճյուղն է եղել»,- ասաց գյուղի պատմության ուսուցիչ Ռաֆիկ Հակոբյանը։

Մեր զրուցակիցը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեծ հույսեր կապում է։ «Երևում է, որ մենք չպիտի խաբվենք, էնքան են խաբել մեր ազգին, էնքան բան է կիսատ մնացել, էնքան բան չի կատարվել, բայց էս մարդու հետ հույս կապում ենք։ Էնքան ենք հիասթափված, որ էս լավին էլի կասկածանքով ենք վերաբերվում»,- ասաց Ռաֆիկ Հակոբյանը:

Գյուղի մեկ այլ բնակիչ էլ, միջամտելով մեր խոսակցությանն, ասաց․ «Հայաստանում 7-8 հոգի մեծահարուստ են, մնացածը ռաբ են։ Չգիտեմ՝ ով է ասել, բայց ճիշտ է ասել, որ մերոնք ավելի հարուստ են, քան Ամերիկայի օլիգարխները։ Որ էդ մեծահարուստները մի քիչ զսպվեին, 1,5 միլիոն ժողովուրդ պահելն ի՞նչ էր, հասարակ բան էր, մի թեթև աշխատանք ստեղծեին, մարդիկ իրենց տները կպահեին, երկրից երկիր չէին ընկնի»։

Մեր հարցին, թե ձեր գյուղից օլիգարխներ չկա՞ն: Հառիճը Շիրակի մարզի բարեկեցիկ գյուղերից է, մեր զրուցակիցն ասաց․ «Ես եմ, բայց սոված օլիգարխ եմ»։ Նա նեղվեց, որ Հառիճի բնակիչներին բանկերում սև ցուցակ են գցել, վարկեր չեն տրամադրում, պարտքերի տեղ էլ գալիս, անասուններին են գոմերից տանում։ «Տեսնո՞ւմ եք այս երիտասարդներին, ախ ու կարոտ են, թե ո՞վ պիտի գարունը իրենց խաբի, տանի Ռուսաստան, կամ փող տան կամ էլ չտան, որ գոնե բերեն իրենց պարտքերը տան։ Մեր գյուղը քարերի երկիր է, սարերի գլխին հող ունենք, դա ո՞ւմ է պետք, որ ցորեն ցանես, չես կարողանա բերել, դա շատ թանկ է նստում, ի՞նչ անի այս գյուղացին։ Մանթաշի ջրի կանալն էլ այլևս գոյություն չունի, հեչ հետաքրքրվող չկա, գոնե մի քիչ ուշադրություն դարձնեն գյուղացուն ինքն իրենը ստեղծի, ապրի։ Նորընտիր վարչապետը թե կարողացավ օգնել գյուղացուն, շատ լավ կլինի, միշտ հետևում են իրեն հեռուստատեսությամբ, շատ լավ բաներ է ասում։ Թող տեր լինն, եթե չէ, եթե էսպես գնաց,մարդիկ հերթով կգնան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031