«Բերման ենթարկվածներին չեմ ճանաչում, բայց մասնակցել եմ գործողություններին: Բերման ենթարկվածին նստեցրել եմ ոստիկանության մեքենան: Ես չեմ բռնել նրան, այլ մեր ոստիկաններից մեկը, որի ազգանունը չեմ հիշում»,-Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2015թ.-ի «Էլեկտրիկ Երեւան» ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննության ժամանակ ասաց որպես վկա հարցաքննվող ՊՊԾ գնդի ոստիկան Վահագն Գրիգորյանը:
Նկատենք, որ բերման ենթարկվածը օպերատոր Խաչատուր Եսայանն էր, իսկ նրան բերման ենթարկող ոստիկանը՝ Կոստան Բուդաղյանը, որի ազգանունը վկա ոստիկանը չգիտեր: Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցներ Տաճատ Նորատունկյանին, Արթուր Այվազյանին, Կոստան Բուդաղյանին եւ Դավիթ Փերիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում խոչընդոտել են «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի մասնագիտական օրինական գործունեությանը և ապօրինաբար նրան բերման են ենթարկել: Այս գործով տուժող են նաեւ ՝ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանը, լրագրողներ Աշոտ Բոյաջյանը, Արթուր Պապայանը:
Վահագն Գեւորգյանը դատարանին հայտնեց՝ չի լսել այն մասին, որ բերման ենթարկվողը լրագրող է, այլ անձերի բերման չի ենթարկել եւ չգիտի՝ այլ լրագրողներ բերման ենթարկվե՞լ են: Նաեւ չի լսել, որ օպերատոր Խաչատուր Եսայանին ինչ-որ մեկը հայհոյի: Ոստիկանը պնդեց՝ իր վերադասների կողմից չի լսել հրաման, որ պետք է վերցնել լրագրողների տեսախցիկները:
Տուժողների պաշտպաններից Դավիթ Գյուրջյանը նկատեց, որ Վահագն Գեւորգյանի նախաքննական ցուցմունքի եւ դատարանում ասածի միջեւ հակասություններ կան: Մասնավորապես, ըստ նախաքննական ցուցմունքի՝ ոստիկանները հայհոյել են, իսկ բերման ենթարկվողի մոտ եղել է լրագրողական վկայական: «Բուդաղյանը Եսայանին ինձ հանձնելու ժամանակ հայհոյանք է տվել, թե ինչ պատճառով՝ չեմ կարող ասել»,-նշված է ցուցմունքում: Ընդ որում, ոստիկանն այս ամենը քննիչին ասել է բերման ենթարկելու տեսանյութը դիտելու արդյունքում, այսինքն՝ տեսանյութում է լսելի եղել հայհոյանքը:
Ոստիկան Գեւորգյանը համոզված է եղել, որ օպերատորն իրավախախտում է արել, այդ պատճառով էլ վերջինիս բերման են ենթարկել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ