Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց, որ ֆեդերացիայի հետ համաձայնեցրել է եւ նախատեսում է մեր ընտրանին համալրել Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկներով: Նա անուններ առայժմ չհրապարակեց: Ասաց միայն, որ Ֆերդինանդ Կարապետյանն արդեն մեկ տարի հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
Թեեւ անունը չհրապարակեց, բայց ասաց, որ Հայաստան տեղափոխվելուն շատ մոտ է 90 կգ քաշային եւս մեկ հայ ձյուդոիստ (Aravot.am-ի տեղեկություններով, այդ ձյուդոիստն արդեն եղել է Երեւանում եւ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է գրել: Ա. Հ.):
Գլխավոր մարզիչը ցանկություն ունի համալրել բարձր քաշային կարգերը ուստի մտածում է նաեւ 100 եւ գերծանր քաշային կարգերում մարզիկներ հրավիրել: «Շատերն են պատրաստ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, բայց մենք ցանկանում ենք, որ մեր հավաքականում հանդես գան միայն հայի ազգանուն ունեցողները», – ասաց Արմեն Նազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ