Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը՝ Խաչատրյանի փառատոնի և Համահայկական նվագախմբի մասին

Դեկտեմբեր 08,2016 17:37

Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը հատում է եզրագիծը: Դեկտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա երաժշտական տոնի փակման համերգը: Փառատոնի փակման երեկոյին իրադարձության կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Հայկ Կազազյանը:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դեկտեմբերի 8-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում խոսեց Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի մասին, ինչպես նաև անդրադարձավ այլ թեմաների:

«Խաչատրյանի միջազգային փառատոնը կայացած իրադարձություն է. այն համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Այս տարվա փառատոնը նվիրված է Անկախության 25-ամյակին: Փառատոնը մեկնարկեց «Խաչատրյանը և ջազը» նախագծով: Համերգին ներկա էին նաև հյուրեր արտասահմանից, երաժշտական աշխարհում կարևոր մարդիկ: Մենք փառատոնի ընթացքում ներկայացրինք բացառիկ ծրագիր, շատ լավ արտիստներ հանդես եկան»,- նշեց Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ փառատոնի համերգները ցուցադրվում են ուղիղ եթերով:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը շեշտեց, որ իրենք արդեն իսկ պատրաստվում են 2017 թվականին անցկացվելիք 5-րդ փառատոնին: «2017 թվականին լրանում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը, մենք պատկերացնում ենք, որ փառատոնը կապվի նաև Այվազովսկու հետ: Ինչ խոսք, դժվար կլինի, բայց պետք է մարդկանց ներկայացնենք այն հերոսներին, որոնց ունենք: Մենք 2017-ի համար պետք է ավելի շատ վարպետության դասեր նախատեսենք»,-ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանում չէր կարող չլինել Արամ Խաչատրյանի անունը կրող փառատոն:

Ասուլիսի ընթացքում լրագրողները Սերգեյ Սմբատյանից հետաքրքրվեցին Համահայկական նվագախմբի ստեղծման, այդ նվագախմբի առաքելության մասին։ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը շեշտում է, որ գաղափարը երկու տարվա պատմություն ունի:

«Նվագախմբի մասին շատ են խոսում, ինչը բոլորիս ոգևորում է: 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան եկան լավագույն երաժիշտները՝ 24/04 նվագախմբի մաս կազմելու համար: Մեզ համար դա մեծագույն ձեռքբերում էր: Սեպտեմբերի 21-ին էլ տեղի ունեցավ «Անկախության սերունդ» համահայաստանյան նվագախմբի ու երգչախմբի համերգը: Համահայկական նվագախմբի համար պետք է ազնիվ ձևաչափ ընտրենք: Այն պետք է ծառայի իր առաջնային առաքելությանը. աշխարհին պետք է ցույց տանք, որ միասնական ենք»,-ասաց Սերգեյ Սմբատյանը:

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ Հայաստանում կան նվիրյալներ, ովքեր զարգացնում են դասական երաժշտությունը: Մյուս կողմից՝ Համահայկական նվագախումբը չպետք է համալրվի այն երաժիշտներով, ովքեր բարդ տարիներին լքել են Հայաստանը. այն պետք է համալրվի ծագումով հայ այն երաժիշտներով, ովքեր կայացել են դրսում:

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031