Այսօրվա մամուլի ասուլիսում Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը նշեց, որ ինքը նշանակվել է տարվա կեսին ու հավաքականի հետ աշխատանքը, հասկանալի է, լիարժեք չի եղել:
«Այս ամսից ամբողջությամբ անցնում եմ իմ պարտականություններին: Եկող հունվարից կսկսենք բուն նախապատրաստությունը մրցաշրջան 2017-ին, որը մտնում է Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա փուլում: Նոյեմբերին հետեւել եմ Հայաստանի առաջնությանը, որին մասնակցեց մոտ 110 մարզիկ: Այս թիվը, բնական է, ինձ չի գոհացնում: Բավարարված չեմ նաեւ մասնակիցների ֆիզպատրաստվածության եւ տեխնիկատակտիկական պատրաստվածության աստիճանից, ինչը գալիս է նաեւ մարզիչներից: Շատ բան բարձիթողի վիճակում է: Հայաստանի հավաքական ընդգրկվում են մարզիկներ, որոնք չեն համապատասխանում միջազգային մակարդակին:
Հայաստանի առաջնությունը ցույց տվեց, որ շատ թե քիչ մրցակցություն կա 60, 73, 81 եւ 90 կգ քաշային կարգերում: Շատ աշխատանք կա անելու, որպեսզի հաջորդ տարիներին թե մասնակիցների քանակն ավելանա, թե մարզիկների որակն ու մրցակցությունը: Քանի որ մեծահասակների հավաքականում սերնդափոխություն է ընթանում, որոշել եմ, որ մեր տղաները եկող տարի մեծ մրցաշարերի չմասնակցեն: Տարին կսկսենք ծաղկաձորյան հավաքով, որից հետո, արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել, կմեկնենք ձյուդոյի շատ ուժեղ դպրոց ունեցող Վրաստան, որտեղ մեր տղաները գոտեմարտեր կանցկացնեն նրանց մարզիկների հետ:
Հետո մեր առաջատար մարզիկները հանդես կգան Եվրոպայի գավաթի խաղարկությունում, 20-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մրցումներից կսկսվի մեր առաջընթացը դեպի սեպտեմբերի վերջին Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնություն ու կշարունակվի հաջորդ տարիներին», – ասաց Արմեն Նազարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ