Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գնումների գործընթացը փոխվում է. վարչապետը բողոքարկման 3 հոգանոց խորհուրդ է ստեղծելու

Դեկտեմբեր 08,2016 16:36

«Գնումների մասին» նոր օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա ասաց, որ նախագծով ընթացակարգը պարզեցրել են: Ներկայումս գնումների 7 ընթացակարգ է գործում, որը դժվարություններ է առաջացնում երկու կողմերի համար. «Որպեսզի շփոթը կանոնակարգենք, որոշում է կայացվել, որ գանք ավելի պարզեցված եղանակի եւ 7 ընթացակարգի փոխարեն ունենաք 4 գնման ձեւ»:

Նախարարը պարզաբանեց, որ դրանք են՝ էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշում եւ մեկ անձից գնումներ:

Էլեկտրոնային աճուրդները տարածվելու են այնպիսի ապրանքների ծառայությունների գնման վրա, որոնք կունենան մինչեւ 70 մլն-ի արժեք եւ դրանք կլինեն հիմնականում համասեռ բնույթի ապրանքներ: Այսպիսի գնումների համար սահմանվում է առնվազն 7 օր ժամկետ: 70 մլն-ը գերազանցող ապրանքների համար սահմանվում է 15 օր: Գնանշման միջոցով գնման դեպքում 70 մլն դրամ արժողությամբ այլ դեպքերի համար են, որոնք էլեկտրոնային աճուրդներում չեն ներառվում, օրինակ՝ էլեկտրոնային տեխնիկան, որոնք տարբեր պարամետրեր ունեն: Մրցույթի միջոցով գնումներ իրականացնելիս ծավալը պետք է լինի 70 մլն դրամից բարձր, հիմնականում սա վերաբերում է խոշոր շինաշխատանքներին: Մրցույթով գնումների համար սահմանվում է 40 օր, որոշ դեպքերում կարող է իրականացվել 15-օրյա մրցույթ նաեւ: Մեկ անձի գնման դեպքերը լինելու են 5-ը, այն պայմանավորված է լինելու հեղինակային եւ հարակից իրավունքներով: Արտակարգ իրավիճակներում եւս օրենքը նախատեսում է մեկ անձից գնում:

Նախարարն ասաց, որ արձանագրվել են դեպքեր, որ եթե պետության հետ կապված չմարված պարտավորություն ունես, նույնիսկ կարող է լինել 500 դրամ եւ դու դուրս ես մնում մրցույթից: Սա մրցակցային չէ եւ նեղացնում է շրջանակը մասնակիցների, ինչը թույլ չի տալիս արդյունավետ գնումներ անել:

Նախարարը վստահ է, որ օրենքում սա փոխելով՝ գնումների համակարգում մրցակցությունը էապես կխթանեն: Թեկուզ ունենա պետության հանդեպ չմարված պարտավորություն՝ դա չի խոչընդոտի, որ սուբյեկտը մասնակցի գնումների գործընթացին:

Վարդան Արամյանն ասաց, որ գնումների բողոքարկման ինստիտուտը պետք է լինի անկախ, որ որոշումները լինեն օբյեկտիվ ու անաչառ. «Մենք ունեք Գնումների աջակցման կենտրոն, որը ծառայություն է մատուցում երկու կողմին էլ՝ գնում իրականացնողին, գնման մասնակից, մյուս կողմից քարտուղարություն է հանդիսանում, երբ բողոք է լինում»: Նախարարն ասաց, որ կոնֆլիկտ է առաջանում, որովհետեւ կենտրոնը կաշկանդվում է, շահերի համընկնում է լինում: Ստեղծվելու է 3 հոգանոց գնումների բողոքարկման խորհուրդ»: Այդ խորհրդի անդամները նշանակվելու են վարչապետի կողմից: Նրանց աշխատավարձը լինելու է դատավորների աշխատավարձի չափ՝ մոտ 500 հազար դրամ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ պետական գնումներին մասնակցում են օֆշորում գրանցված ընկերությունները. «Այնտեղ, ցավոք սրտի, կամ փողերն են լվանում, կամ գողանում են, այդպես անհետեւանք մնում է, դուք շատ լավ գիտեք, համակարգում աշխատելու երկար փորձ ունեք: Օտարերկրյա գրանցում ունեցող կազմակերպությունն իրավունք ունի՞ մասնակցելու գնումների, թե՞ ոչ, եթե այո, ապա՝ ինչո՞ւ»:

Վարդան Արամյանը պատասխանեց. «Եթե դու թիրախավորում ես, որ ընկերությունը այնտեղ գրանցված չլինի՝ շատ դժվար է հասկանալ, թե որն է օֆշոր»: Նա ասաց, որ շատ խոշոր ընկերություններ կան, որոնք բավականին արդյունավետ ծառայություններ են մատուցում, ուստի պետք է վերահսկեն, որ նորմալ ապրանք մատակարարեն՝ ցածր գնով:

Հեղինե Բիշարյանը հիշեցրեց Վերահսկիչ պալատի բացահայտումները, մալուխի դեպքը, որ պետական գնումները շուկայականից բարձր գներով են լինում:

Նախարարը պատասխանեց, որ պետք է ապահովեն բարձր մրցակցություն, ընդ որում՝ իրական մրցակցություն, ոչ թե իրար հետ փոխկապակցված ընկերությունները իրար հետ պայմանավորվեն եւ մասնակցեն: Այդ դեպքում նման խնդիր չի լինի:

Հեղինե Բիշարյանը առաջարկեց, որ գնումների այս համակարգը ցրեն, որ ձեռնարկությանը ինչ պետք է, թող գնա շուկայից առնի, կտրոնը ցույց տա: Վարդան Արամյանը վստահեցրեց, որ իրենց նախագիծը երբ գործի, պատգամավորն այդպես չի նյարդայնանա չարաշահումներից:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031