Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. առանց հատուկ համաձայնագրի այլ պետությանը ՍԷԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն տալու փաստը խախտում է

Դեկտեմբեր 08,2016 15:59

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումով՝ այսօր գրությամբ դիմել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին: Մասնավորապես, կազմակերպությունից հայտնում և հիմնավորում են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) հասանելիություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների բազային՝ մասնավորապես՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի էլեկտրոնային շտեմարաններին:

Ընդ որում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը չի ժխտում նշված փաստը, այլ հիմնավորում, որ այդ իրավունքը ռուսական կողմն ստացել է 1992թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագրով՝ չնշելով դրա որևէ կոնկրետ դրույթ:

Մինչդեռ նշված պայմանագրով այդ հարցը չէր կարող կարգավորվել, քանի որ ՍԷԿՏ համակարգը ստեղծվել է 2006-ին: Այսպիսով, առանց հատուկ համաձայնագրի այլ պետությանն այդ համակարգից օգտվելու հնարավորություն տալու փաստը խախտում է Սահմանադրության 34-րդ հոդվածը և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Ըստ այդմ, վարչապետին խնդրել եմ հայտնել, թե արդյոք կառավարությունը տեղյակ է շարադրված փաստերի մասին, եթե այո, ապա ինչ դիրքորոշում ունի նշվածի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել անհապաղ դադարեցնել ՀՀ քաղաքացիների և այլ անձանց իրավունքների նմանօրինակ զանգվածային խախտումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Կարապետյան,

Ինձ է դիմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա հայտնում և հիմնավորում է, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հասանելիություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների բազային: Մասնավորապես Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի էլեկտրոնային շտեմարաններում են պահվում Հայաստանի պետական սահմանը հատող անձանց անձնագրերի ու տեխնիկական անձնագրերի սքանները, սահմանը հատելու օրվա, ժամի, ուղղության և ուղեկցող անձանց մասին, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք պահպանվում են առնվազն 7 տարի:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման 2-րդ հավելվածով սպառիչ թվարկվում է, թե որ մարմինները կարող են օգտվել ՍԷԿՏ համակարգից: Մինչդեռ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը բացահայտել է, որ Հայաստանի ՍԷԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն ունի նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:

Պատասխանելով կազմակերպության հարցմանը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը տրամադրվել է ՍԷԿՏ-ից օգտվելու հասանելիություն՝ ընդհանուր հղում կատարելով 1992 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրին՝ չնշելով դրա որևէ կոնկրետ դրույթ: Մինչդեռ, նշված պայմանագրում որևէ կետ չկա և չի կարող լինել 2006 թվականին ստեղծված էլեկտրոնային համակարգի մասին (ինչպես նշվեց, այն կնքվել է 1992 թվականին):

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն միջպետական պայմանագրերի շրջանակներում (…): Քանի դեռ չկա որևէ միջպետական պայմանագիր, որով Հայաստանը Ռուսաստանին պետք է փոխանցի Հանրապետության պետական սահմանը հատած անձանց անձնական տվյալները, տվյալների փոխանցումն անօրինական է:

Որպես ՍԷԿՏ-ը համակարգող մարմին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից քաղաքացիների անձնական տվյալների հասանելիությունն այլ երկրի պետական մարմնին տրամադրելը զանգվածային կերպով խախտում է անձանց անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 34-րդ հոդվածով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետը՝ խնդրում եմ հայտնել, թե արդյոք կառավարությունը տեղյակ է շարադրված փաստերի մասին, եթե այո, ապա ինչ դիրքորոշում ունի նշվածի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկում եմ անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց իրավունքների նմանօրինակ զանգվածային խախտումը:

 

 

ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031