Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը, Լուիզա Ներսիսյանը և այլ հայտնիներ՝ ակտիվիստ կանանց դերերում

Դեկտեմբեր 08,2016 15:41

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի «Յոթը» ներկայացումը:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դերասան Հայկ Պետրոսյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, ծանրորդ Նազիկ Ավդալյանը, disability. info-ի խմբագիր Զառա Բաթոյանը հանդես են գալու ակտիվիստ կանանց դերերում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի ղեկավար Մարիամ Կուրշուդյանը տեղեկացրեց, որ «Յոթ»-ը նորարարական վավերագրական ներկայացում է՝ հիմնված յոթ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների հետ անցկացրած հարցազրույցների վրա, որոնց դժվարություններով լի կյանքի և պայքարի պատմությունները ոգեշնչման աղբյուր են. «Մանրակրկիտ ընտրել ենք հասարակության տարբեր ոլորտներ ներկայացնող այն մարդկանց, որոնք մարմնավորելու են ակտիվիստ կանանց: «Յոթը» նախաձեռնվել է 2008-ից շվեդ հայտնի պրոդյուսերի կողմից և 2009-ից սկսած այն բեմադրվել է ավելի քան 30 երկրներում՝ արծարծելով կանանց իրավունքները»:

Լուիզա Ներսիսյանն անդրադառնալով իր դերին՝ նշեց. «Ես մարմնավորում եմ մի կնոջ, որն ունենալով լավ ընտանիք, անտարբեր չի եղել մյուսների դժվարություններին: Նա բավականին ուժեղ կին է, դեռ 1993-ին միակն էր, որ Ռուսաստանում սկիզբ դրեց հասարակական կազմակերպությունների գործունեությանը:

Դաշնակահար Հայկ Մելիքյանն ուրախությամբ նշեց, որ Հայաստանում այսքան ակտիվ են կանայք. «Ես մարմնավորում եմ կամբոջացի մի կնոջ, որը բարի է, և առաջին իսկ պահից սիրեցի նրա կերպարը: Նա Կամբոջայում եղել է նախարար և պայքարել թրաֆիքինգի դեմ»:

Արամ Մանուկյանը հայտարարեց, թե չկան իմ և ուրիշի իրավունքներ. «Այն կինը, որ ներկայացնում եմ, շատ նման է իմ կերպարին: Նրա ողջ կյանքը կոռուպցիայի և ոստիկանության դեմ պայքարի պատմություն է: Իր կենսագրականը բացել եմ ու մի կադր եմ տեսել, որտեղ երկու ոստիկաններն ընկած են նրա թևերը ու տանում են: Հիշեցի, թե ոնց ոստիկաններն իմ թևերն ընկած ԱԺ-ի առջևից տարան մտցրին մեքենան: Ինքն էլ է ասում, որ հպարտ է, որ Կոնգրեսից է: Պարզվում է, որ աշխարհում մարդիկ բոլորը նույն խնդիրների դեմ են պայքարում: Չկա ուրիշի խնդիր, ուրիշի իրավունք»:

Մարիամ Կուրշուդյանը նշեց, թե հուսով է, որ ներկայացման շնորհիվ կբարձրանա մարդկանց իրազեկվածությունը նշված խնդիրների վերաբերյալ:

Դառնալով ընտանեկան բռնությունը կարգավորող օրենսդրությանը՝ պարոն Մանուկյանը հիշեցրեց այն միջադեպը, երբ անցյալ տարի զոհված զինծառայողների մայրերին ոստիկանները ցուցադրաբար Բաղրամյան պողոտայում բռնի քարշ էին տալիս ասֆալտի վրա, որ ցույց չանեն. «30.000 մարդ այդ տեսանյութը նայել է: Եթե նայողներից 300-ը գային այս զոհվածների ծնողների կողքին կանգնեին, ապա ոչ մի ոստիկան չէր համաձայնի նման բան անել: Ասածս այն է, որ ուրիշի իրավունք գոյություն չունի: Եթե դու կողքինիդ իրավունքը պաշտպանես, քո իրավունքը պաշտպանված կլինի: Մեր իշխանությունները շատ հեռու են նախաձեռնող լինելուց, մարդու իրավունքների պաշտպանության օրենքներ և կոնվենցիաներ ընդունելու հարցից, եթե չլինի հասարակական ճնշում: Այս միջոցառումը համարենք մարդու իրավունքների պաշտպանության հարցով ճնշում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031