Դեկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Հովեր» պետական կամերային երգչախումբը եւ «Վահագն Հայրապետյան» տրիոն հանդես կգան ինքնատիպ համերգով: Ապարանյան երգերով նախագիծը կրում է՝ «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագիրը:
Դեկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած ասուլիսին «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը, դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը եւ ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը ներկայացրին համերգային ծրագիրը, նաեւ հայտնեցին, որ որոշ անակնկալներ են սպասվում:
Խոսելով համերգի խորագրի մասին, Վահագն Հայրապետյանը հայտնեց, որ «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի»-ն հատված է երգից:
Արմինե Ղազարյանն էլ հավելեց, որ համերգին ավանդական երաժշտությունը ներկայացվելու է ժամանակակից մոտեցումներով, որպեսզի հանդիսատեսի ավելի լայն շրջանակ ներգրավվի: Նրա ասելով, նախագիծը շարունակական կլինի եւ գուցե համերգաշարի վերաճի:
Կարդացեք նաև
Սոնա Հովհաննիսյանը՝ խոսելով երգերից, ասաց, որ դրանք մշակվել ու հղկվել են, ժամանակին գրի առնվել Ալինա Փահլեւանյանի կողմից: Նրա խոսքով, Մուշում, Էրզրումում ապրած մարդիկ տեղափոխվել են Ապարան ու նրանց սերունդներին են փոխանցվել ավանդական երգերը:
«Ես ու Վահագնը հատուկ ընտրել ենք այնպիսի երգեր, որոնք շատ հայտնի չեն, այդպիսով ուզում էինք, որ դրանք եւս հայտնի դառնան: Մի խոսքով, ներկայացնելու ենք ավանդական երգերի ոչ ավանդական մշակումներ»,-շեշտեց նա:
Վահագն Հայրապետյանն էլ նշեց, որ իր եւ Սոնա Հովհաննիսյանի բարեկամությունը 80-ականներից է սկսվել՝ սկսած Կոնսերվատորիայի մոտ մասնակցած նստացույցից, վերջացրած Արցախյան համերգներով: «Բայց երանի հիմա»,-ասաց «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ