Այսօր ԱԺ-ում փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտարարեց, որ ոստիկանությունում հայկական տարբերակով «շերիֆական ինստիտուտ» են ներդնում: Խոսքը համայնքային ոստիկանության մասին է, որը գործելու է համայնքներում: Փոխոստիկանապետն ասաց, որ ինստիտուտը դեռ կայացման փուլում է, անելիքներ ունեն:
Վարդան Եղիազարյանը վստահեցրեց, որ մեր երկրում ոստիկանությունը լրջորեն բարեփոխվել է, այնպես, որ ԵՏՄ անդամ երկրները մեզանից օրինակ են վերցնում: Նա բերեց անձնագրային եւ վիզաների վարչության բարեփոխման օրինակը. «Բազմիցս քարկոծված մեր ճանապարհային ոստիկանությունը պիտի նկատած լինեք, թե ինչ ձեւի, մեթոդների աշխատանքային ստիլ է որդեգրվել: Այստեղ մենք շատ լուրջ մտահղացում ունենք պարեկային ծառայության անցնելու: Այսինքն, ընդհանրապես ճանապարհային ոստիկանություն հասկացողությունը, ըստ երեւույթին, կվերանա եւ կլինի պարեկային ծառայություն, որը կզբաղվի ե՛ւ ճանապարհային ոստիկանությունով, ե՛ւ հասարակական կարգի ապահովմամբ»:
Վարդան Եղիազարյանն ասաց, որ ներկայումս ուսումնասիրում են միջազգային փորձը եւ քննարկում են, մտադիր են ստեղծել քրեական ոստիկանություն եւ հասարակական անվտանգության ոստիկանություն:
Փոխոստիկանապետը վստահեցրեց, որ տեղում կանգնած չեն, շարժվում են առաջ եւ աշխատում են ոչ միայն կրակը մարել, այլ անել այնպես, որ այդ կրակը չլինի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ