«Կանոնակարգը պետք է պրակտիկ բնույթ կրի: Երբեմն ինչ-որ բան հրատապ կարգով պարզելու հարց է առաջանում, այդ հնարավորությունը պետք է ընձեռվի»,- այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կազմակերպած «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ համատեղ քննարկման ժամանակ ասաց պրոֆեսոր Ջոն Բեյթսը:
Մինչ այդ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրել էր, որ աշխատանքային խումբը ձեւավորվել էր դեռ հունվար ամսին, մի քանի եվրոպական երկրներում են եղել, ուսումնասիրել եվրոպական պառլամենտական փորձը:
«Մեր գործընկերների, պատգամավորների կողմից կան բազում հարցեր, որոնք քննարկման փուլում են»,- ասաց Հովհաննես Սահակյանը`մասնավորեցնելով, որ խնդրահարույց հարցերը վերաբերվում են պատգամավորին` խմբակցությունից հեռացնելու կամ պատգամավորի հեռանալու դեպքում մանդատը վայր դնել-չդնելուն, պատգամավորների ելույթների ժամանակային սահմանափակումներին եւ քննիչ հանձնաժողովի լիազորություններին ու գործունեությանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում:
Շոտլանդիայի Ստրեթքլայդի իրավաբանական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ջոն Բեյթսն իր խոսքում նկատեց, որ Հովհաննես Սահակյանը բաց թողեց մի կարեւոր դրույթ` խմբակցության ղեկավարը կարող է քվեարկել խմբակցության անդամի փոխարեն, եթե վերջինս պաշտոնական այցելությամբ արտասահմանում է: Պրոֆեսորը պարզել է, որ Գերմանիան նիստերն անցկացնում է դռնփակ, բացառությամբ բաց նիստերի, ինչն իր համար զարմանալի էր. «Ի վերջո, խորհրդարանը հանրությունն է ներկայացնում: Օրինակ` Կամբերայում խորհրդարանը բաց բլուրի վրա է եւ քաղաքացիների համար մուտքը բաց է»:
Շոտլանդացի պրոֆեսորը մեկ տարակուսանք էլ ունի մի դրույթի վերաբերյալ, որը միայն Հայաստանում է նախատեսվում: Խոսքն այն մասին է, որ ԱԺ աշխատակազմը պաշտոնական իրավական կարծիք է հայտնում օրենսդրական նախագծերի վերաբերյալ եւ փոփոխություններ առաջարկում. «Սա պատգամավորների դերն է, ոչ թե աշխատակազմի: Միգուցե խորհրդատվության կարգով դա պետք է արվի եւ պատգամավորները կարողանան ընդունել կամ չընդունել»:
Ի դեպ, շոտլանդացի պատգամավորը իր`Հայաստան ճամփորդությունը համեմատեց Նոյի ճամփորդության հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ