«Ժամանակակից հասարակությունում տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ցանցերի, ինչպես նաեւ մեդիա ոլորտի ամենօրյա զարգացմանը զուգընթաց խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը ձեռք է բերում նոր կարեւորություն եւ որակ»,- դեկտեմբերի 8-ին խոսքի եւ մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովի ընթացքում ասաց արդարադատության նախարարի տեղակալ եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի տեղակալ Արտակ Ասատրյանը:
Նա առանձնացրեց 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում խոսքի եւ մամուլի ազատության իրավունքի հետ կապված նոր եւ առավել հստակ հիմքեր են ամրագրվել. «Չափազանց կարեւոր էր այդ ոլորտը կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կարգավիճակի հստակեցումը, դրա ընտրության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ինչպես նաեւ դրա անդամներին ներկայացվող առավել խիստ պայմանների սահմանումը»:
Արտակ Ասատրյանը հավելեց, որ օրենսդրական երաշխիքները կարող են զուտ երաշխիքներ մնալ, եթե գործնականում դրանց պրակտիկ ապահովումը չերաշխավորվի. «Հետեւաբար՝ սա իրավակիրառ մարմինների ամենօրյա եւ հետեւողական ջանքերի եւ իրենց հմտությունների կատարելագործման լուրջ խնդիր է: Ինչպես պարոն դեսպանը նշեց՝ մենք ունենք որոշակի բարելավված դիրք եւ կայուն վիճակ այս ոլորտում, միեւնույն ժամանակ նշեմ, որ դա մեզ համար բավարար եւ գոհացնող չէ, եւ մենք շատ բան ունենք անելու այս ոլորտում եւ պետք է անենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ