Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը փորձում է ավելի հաշվետու դառնալ

Դեկտեմբեր 08,2016 16:30

Կառավարության փոփոխությանը, ինչպես նաեւ այլ ոլորտներում կառուցվածքային ու կադրային փոփոխություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները նոր մոտեցում են որդեգրել նաեւ տեղեկատվական քաղաքականության եւ հանրային հաշվետվողականության ասպարեզում: Ըստ որում՝ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն գործադիր իշխանությանը, այլեւ երկրի ղեկավարին: Նախագահի գրասենյակը, մասնավորապես, սկսել է հաղորդագրություններ տարածել նախարարների ներկայացրած զեկույցների մասին, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել հրապարակավ արձագանքել քաղաքացիների հարցադրումներին:

Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո կառավարությունը նորամուծություն կիրառեց. կառավարության նիստերը սկսվեցին առցանց հեռարձակվել ուղիղ եթերում: Էֆեկտն իսկապես դրական էր, քանի որ գործադիրն ակնհայտորեն «մոտեցավ» հանրությանը: Շատերը, որ գործի բերումով տեղյակ չէին, թե ինչպես է աշխատում կառավարությունը, բացահայտեցին, որ այն կոլեգիալ մարմին է, կայացնում է կոլեգիալ որոշումներ, իսկ նիստերի ընթացքում ոչ միայն հավանություն են տրվում արդեն իսկ պատրաստ նախագծերին, այլեւ հնչում են հանձնարարականներ, պահանջներ, երբեմն էլ՝ քննադատություն:

Առհասարակ տեղեկատվական տարածքում կառավարության ու առանձին գերատեսչությունների ակտիվությունը նկատելիորեն աճել է: Այնպիսի տպավորություն է, որ նորանշանակ վարչապետը ենթակաների գործունեության արդյունավետության չափորոշիչ է սահմանել մամուլի ու հասարակության հետ շփումների քանակը:
Գործնականում լինելով համակարգային այս փոփոխությունների նախաձեռնողը՝ Սերժ Սարգսյանը չէր կարող անմասն մնալ այս ամենից: Բաղրամյան 26-ը եւս լուրջ շտկումներ է մտցրել տեղեկատվական քաղաքականության մեջ: Դեկտեմբերի 1-ին արդեն երրորդ անգամ նախագահի մամլո ծառայությունը հաղորդագրություն տարածեց հերթական նախարարին ընդունելու մասին: Այս անգամ Սերժ Սարգսյանի մոտ էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախագահին զեկուցել է «առաջիկայում միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ուղղությամբ աշխատանքների մասին»: Մինչ այդ նախագահականից հայտնել էին պաշտպանության եւ մշակույթի նախարարների այցելության մասին:

Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին գերագույն գլխավոր հրամանատարին էր ներկայացրել ազգ-բանակ հայեցակարգի մանրամասները: Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ պաշտպանության նորանշանակ նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցեց մարտական զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը ավելացնելու ծրագրի մշակման ընթացքի հետ կապված աշխատանքները: Իսկ Արմեն Ամիրյանը նոյեմբերի 29-ին նախագահին տեղեկացրել էր հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման ուղղությամբ նախարարության աշխատանքների առաջիկա գերակայություններն ու անելիքները, ինչպես նաեւ մի շարք մշակութային գործիչների՝ նախագահին հանդիպելու ցանկության մասին:
Ակնհայտ է, որ նախագահը միայն հիմա չի սկսել ընդունել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին: Ավելին՝ դժվար թե անցած մեկ ամսվա ընթացքում Բաղրամյան 26-ում հյուրընկալած լինեն ընդամենը երեք նախարարների: Խնդիրը, հավանաբար, օրակարգն է. նախագահականում, կարծես թե, որոշել են անմիջապես հանրությանը փոխանցել տեղեկություններ այն նախաձեռնությունների ու որոշումների մասին, որոնք միտված են որակապես բարելավել քաղաքացիների կենսամակարդակը, մատուցվող ծառայություններն ու միջավայրը:

Հարկ է նկատել, որ սա նախագահ-հասարակություն ուղիղ երկխոսության առումով միակ գործիքը չէ: Արդեն իսկ տեղեկություններ կան մեկ այլ նորամուծության մասին եւս. նախագահը համաձայնություն է տվել թերթերից մեկի միջոցով ուղիղ պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին: Այնպես որ՝ առաջիկայում հնարավոր է մեզ հուզող հարցերին պատասխան ստանանք անձամբ երկրի ղեկավարից:
Սա միգուցե տարօրինակ, լավ կամ նորություն էլ չթվար, եթե մենք մեկ այլ իրականության մեջ ապրեինք: Բայց տարիներ շարունակ պետական մարմինների ու առանձին իշխանավորների ոչ հրապարակային ու կուլիսային գործելաոճը հանրությանը բավականին օտարել են իշխանությունից, իսկ իշխանությունն էլ մի տեսակ դադարել է հաշվետու լինել: Անշուշտ, կայացած համակարգերում եւս նման իրավիճակը բացառված չէ, բայց այնտեղ բացը լրացնում են լրատվամիջոցները, ինչը մեզանում, ցավոք սրտի, ոչ միշտ է ստացվում: Հավանաբար հենց այս պատճառով էլ պետական մարմինները որոշել են հանրությանը հաշվետվություն տալ ուղիղ՝ առանց միջնորդների:

 
Ա. ՄԱՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

07.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031