Անպատժելիության կուլիմինացիան, որ բոլորի աչքն է ծակում, դրսեւորում են ռուսական համարանիշներով մեքենաների վարորդներն ու իրավապահների (հիմնականում ԱԱԾ-ի) աշխատակիցները։
Բանն այն է, որ Հայաստանի՝ Եվրասիական Միությանը անդամագրվելուց հետո տնտեսապես շահավետ դարձավ ռուսական համարներով առավել թանկ կարգի մեքենաները Հայաստանում վարելը՝ առանց մաքսազերծման եւ ամեն ամիս որոշակի ճանապարհային հարկերի վճարմամբ։ Խոսքը, հիմնականում մոտ 20 հազար դոլարից թանկ մեքենաների մասին է (դա այնքան տարածվեց, որ անգամ Սամվել Ալեքսանյանն է քաղաքով շրջում ռուսական համարանիշներով 6 դասի Մերսեդեսով)։
Շատ արագ ԵԱՏՄ-ի շնորհիվ Հայաստանի մաքսային մարմիններին խորամանկորեն շրջանցած այս անձինք հայտնաբերեցին, որ ճանապարհային ոստիկանությունը որեւէ լծակ չունի իրենց տեսախցիկներով տուգանելու համար… Եվ սկսեցին «վայելել» անպատիժ կյանքը։
Անգամ ավելին։ Գտնվեցին «հերոսներ», ովքեր Ռուսաստանում «կորցնում» էին համարանիշներն ու տեխ. անձնագիրը, ստանում նորերը եւ ապա Հայաստանում այդ համարանիշները դնում էին նույն մոդելի ու նույն գույնի մեքենայի վրա եւ անպատիժ վարում այն։
Կարդացեք նաև
Այսինքն, իրականում հայկական համարներ ունեցող ու հայկական մաքսազերծումն անցած մեքենան երթեւեկում է ռուսական համարներով ու չի տուգանվում տեսախցիկներով։ Իսկ երբ վերջինիս կանգնեցնում են ՃՈ տեսուչները, ապա տեխանձնագրում տեսնում են մեքենայի գույնի, մոդելի ու համարանիշների համապատասխանություն եւ ոչինչ չեն կասկածում։
Այստեղ ակնհայտ է, որ պետությունը պետք է իրավական դաշտում համապատասխան փոփոխություններ մշակի, որպեսզի ստանա արտերկրի համարանիշներով մեքենաների վարորդներին տուգանելու հնարավորություն։ Բայց Հայաստանում այդպիսի գործընթաց չենք տեսնում։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում