Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Աշխարհի երջանիկն եմ»: Գյուղապետը պատմեց, որ Չորաթանից արտագաղթած խոպանչիները սկսել են ներգաղթել. «Արտագաղթել ցանկացողներն էլ այլեւս չեն գնում, դա էլ մեծ բան է, որ մնում են»: Պարզվում է՝ Չորաթանում երջանիկ լինելու համար շատ բան պետք չէր՝ աշխատատեղ, այն էլ ստեղծվել է:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Երկու տարի առաջ կառավարության նախաձեռնությամբ հարկային արտոնություններ սահմանվեցին ԱԺ-ի կողմից սահմանամերձ տարածքներում արտադրական գործընթացները երաշխավորելու նպատակով: Ձեւավորված արտադրություններն ազատվեցին ԱԱՀ-ից, շահութահարկից, եւ դրանով լայն հնարավորություն ընձեռվեց սահմանամերձ տարածքներում ներդրումներ իրականացնելու: Ծագումով շամշադինցի Սուրեն Երիցյանը, արձագանքելով նոր օրենքին, նախաձեռնեց Տավուշի մարզի Չորաթան, Չինարի, այժմ արդեն Արծվաբերդ գյուղերում ձեռնոցների արտադրություն: Այս պահի դրությամբ Չորաթան գյուղում գործարանն աշխատում է, ունի շուրջ 200 աշխատող, մոտ 70 աշխատող արդեն աշխատում է Արծվաբերդ գյուղում բացված նույն գործարանի մասնաճյուղում, խոշոր ներդրումներ են իրականացվում նաեւ Բերդում՝ նույն արտադրությունը իրականացնելու: 2017-ին ավարտելով շինմոնտաժային աշխատանքները՝ աշխատողների թվաքանակը կհասցվի 600-ի: Միջին աշխատավարձը մոտ 200 հազար դրամ է»: Պարոն Մելիքյանն էլ փաստեց, որ գործարանի բացումից հետո Արծվաբերդ եւ Չորաթան գյուղ է վերադարձել նաեւ նախկինում այդ գյուղից արտագնա աշխատանքի մեկնածների մի մեծ խումբ, դրանից էլ լավ բա՞ն:
Չորաթանի գյուղապետի խոսքերով՝ «Պատկերացրեք, գյուղը 100 տոկոսով ապահովված է աշխատանքով: Չկա մարդ, որ ուզենա ու չկարողանա աշխատել: Նույնիսկ 65-70 տարեկան մարդիկ, եթե ուզենան աշխատել, տեղը կա: 65 տարեկան աշխատողներ ունենք: Դրանից էլ լավ լուր էլ ի՞նչ կա: Չորաթան համայնքը էլ խնդիր չունի: Եթե մարդիկ աշխատում են, մնացածը՝ ճանապարհը, էս-էն, մեր աչքին չեն երեւում: Երիտասարդ ընտանիքից մարդ ու կին աշխատում են, իրենց տունը ամսական 250-300 հազար փող է մտնում, էլ ի՞նչ են ուզում: Մինչեւ 84-90 ընտանիք նպաստառու ունեինք, հիմա համարյա թե չունենք, միայն զինվորականներն են մնացել, նրանք էլ արտոնյալ են»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
07.12.2016