«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը այսօր ԱԺ-ն ընդունեց 87 կողմ, 5 դեմ, 18 ձեռնպահ ձայներով:
2017-ի պետբյուջեի նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ 2017-ի բյուջեն ոչ մի սանտիմետր առաջ քայլ չէ. «Ընդհակառակը, այն շարունակում է ՀՆԱ-ի 400 մլրդ դրամի այսօրվա կրճատման քաղաքականությունը: 80 մլրդ դրամից ավելի բյուջեն պակասորդ ունի, սա շարունակվելու է»:
Ըստ նրա, թունելի վերջում լույս չկա, վարկերի տակ ենք, ուստի նա հայտարարեց, որ ԲՀԿ կուսակցության պատգամավորները հստակ դեմ են քվեարկելու նախագծին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դժգոհեց, որ կառավարությունը իր ներկայացրած բյուջեի քննարկմանը ամբողջական կազմով չէր մասնակցում, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ գտնվում էր իր խոսքերով՝ «Եվրասիական ակումբի» ինչ-որ միջոցառմանը, ուստի Ուրիխանյանն ասաց, որ վերաբերմունքը ծնում է վերաբերմունք: Ըստ նրա, տպավորություն են ստեղծում, թե նոր շունչ են բերում երկրում, բայց անդամակցելով ՀՀԿ-ին, պարզ է, որ այս կառավարությունը շարունակելու է նույն քաղաքական կուրսը: Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց պատգամավորներին «դրայվով դեմ քվեարկել պետբյուջեի նախագծին»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե 5 տարի է՝ անընդհատ նույն հարցն են բարձրացնում, թե ինչու չի եկել վարչապետը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նույնպես հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ պետբյուջեի նախագիծը գրավոր փաստաթուղթ է այն մասին, որ այս կառավարությունն ի վիճակի չէ զարգացնել երկիրը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ այդ 25 տարվա սխալները պետք է ուղղել եւ առաջիկա համապետական ընտրություններին պետք է փոխել 25 տարվա քաղաքական ուժին:
Նա նույնպես ասաց, որ դեմ են քվեարկելու 2017-ի բյուջեի նախագծին, որովհետեւ ոչ թե սանտիմետր, այլ որեւէ միլիմետր առաջ չենք գնացել:
Գալուստ Սահակյանն էլ Բիշարյանին արձագանքեց. «Ընտրությունների ընթացքում պետք է շահել, ոչ թե ուժերին փոխել: Հենց որ շահեցիք՝ ամեն ինչ տեղը կընկնի: Բայց ոնց տեսնում եմ, շահելու խնդիրները այսօր այսպես են, վաղը այնպես են…Հարկավոր է մտածել ընտրությունների մասին»:
Պետբյուջեի նախագիծն ընդունվեց 83 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ