12 քմ մակերեսով մեկ այլ գերեզմանատեղ
Մարզերից մեկում Վրաստանից Հայաստան տեղափոխված մի գերդաստան դիմել է համայնքի ղեկավարին, ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությանը` գերեզմանի վկայական տրամադրելու, իքս-հանգուցյալին վերահուղարկավորելու պահանջով: Նրանք մերժել են:
Վեճը հասել էր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը ոչ միայն վճիռ է կայացրել, այլեւ լրացուցիչ վճիռ, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ օրեր առաջ գերդաստանի հայցն ու բողոքը մերժել է:
Հայցվորի գերդաստանը բազմազավակ է եղել, բոլորն ամուսնացել են:
Ընտանեկան գերեզմանատանն այս պահին ամփոփված են հինգ հանգուցյալ եւ երկու «նորեկ»:
Ուղիղ 41 տարի առաջ հայցվոր գերդաստանը դիմել էր գյուղապետարան՝ գերեզմանատեղ ստանալու նպատակով: Գյուղապետարանը՝ հաշվի առնելով, որ ընտանիքը երեսուն անձից է բաղկացած, այսինքն` բազմազավակ է, նրանց օգտագործման իրավունքով, որպես ընտանեկան գերեզման, հատկացրել էր նշյալ գերեզմանատեղը:
Բնականաբար, գերեզմանատեղի տարածքը ստանալուն պես՝ գերդաստանի անդամները բարեկարգել էին, ցանկապատել այն:
14 տարի առաջ առանց գերդաստանի անդամներից որեւէ մեկի գիտության՝ հայտնվում է մի քաղաքացի, որը հուղարկավորում է նախ՝ իր հորը, իսկ 4 տարի առաջ էլ՝ մորը:
Կատարվում է այն, ինչ տարիներ առաջ, երբ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի` թաղման բյուրոյում աշխատելու ժամանակահատվածում Էրեբունու գերեզմանատանը Չիթիրյանների գերեզմանում մեկ այլ դիակ հայտնվեց:
Քաղաքացին ցանկապատով առանձնացված ընտանեկան գերեզմանի մեջ ցանկապատել եւ առանձնացրել է իր ընտանիքի անդամներինը՝ 12 քմ մակերեսով գերեզմանատեղ, ըստ գործի նյութերի՝ «դրանով իսկ կեղծ տպավորություն ստեղծելով, թե այդ գերեզմանը պատկանում է իր ընտանիքին»: Գերեզմանի նոր «օգտատերը» դատարան դիմած գերդաստանի հարազատը չէ, չունի ազգակցական հեռավոր կապ, հետեւաբար իրավունք չուներ այլոց գերեզմանում հուղարկավորություն կատարելու:
Ի դեպ, համայնքի ղեկավարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 96 որոշմամբ նշյալ գերեզմանատունը համարվել է մասնակի փակ, որտեղ նոր գերեզմանատեղեր չեն տրամադրվում, իսկ հուղարկավորություններն էլ կատարվում են նախկին ընտանեկան գերեզմանատանը:
Հինգ հանգուցյալ ունեցող գերեզմանատերերին գյուղապետարանից մինչ օրս չի տրվել գերեզմանի վկայական:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի դրույթների համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջելու ուրիշի ապօրինի տիրապետումից: «Իր գույքը» տվյալ դեպքում գերեզմանն է, որտեղ հուղարկավորվում են հանգուցյալների հետ որեւէ կապ չունեցող մարդիկ:
Պատասխանողը տեղյակ չի՞ եղել, որ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` մահացածի հարազատներ են համարվում պապը, տատը, ծնողները, զավակները, ամուսինը, քույրը, եղբայրը եւ թոռները: Իսկ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն` մահացածի կամքի գրավոր արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:
Պատասխանողը դատարանում հակընդդեմ հայց ներկայացնելիս նշել էր, թե Վրաստանից Հայաստան տեղափոխվածները հաշվառված չեն եղել Հայաստանի Հանրապետությունում, հետեւաբար չէին կարող գերեզմանատուն ստանալ:
Սակայն հայցվոր կողմի փաստարկն այն էր, որ նշյալ գերդաստանի ավագը 1965թ.-ին Հայաստանում կառուցել էր անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տունը եւ այն ժամանակ ընտանիքի 13 անդամով հաշվառվել:
Ի դեպ, միջնորդություն էր արվել փորձաքննություն նշանակելու, որպեսզի պարզվեր, թե գերեզմանատան ցանկապատի բետոնի հիմքը ե՞րբ է կառուցվել: Բարեբախտաբար, հայցվոր կողմն ուներ լուսանկարներ, գերեզմանաքարերի վրա առկա գրառումներ:
Փորձագետի եզրակացության համաձայն, ըստ հանգուցյալների գերեզմանաքարերի գրառումների, «ամենայն հավանականությամբ», այն կառուցվել է 1975-1993թթ. ընկած ժամանակահատվածում:
Նոր գերեզմանատերը կասկած էր հայտնել, թե ՀՀ օրենսդրության համաձայն՝ ընտանեկան գերեզման հատկացվում է յուրաքանչյուր ընտանիքին 12 քմ մակերեսով, հետեւաբար գերդաստանի տերերը «գերեզմանի չափից ավելի զբաղեցրած մասը» զավթել են ապօրինաբար:
Սակայն այսքանով հանդերձ՝ չորս դատավոր առաժմ նոր գերեզմանատիրոջ օգտին են վճիռ կայացրել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
07.12.2016