Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են շահում Հայաստան պետությունն ու ՀՀ քաղաքացիները

Դեկտեմբեր 08,2016 12:30

Մոսկվան
կաշկանդվա՞ծ է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ ստորագրել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգը, որում նաեւ հիշատակում է Ղարաբաղյան խնդիրը:

«Ռուսաստանն աջակցում է հետխորհրդային տարածքի հակամարտությունների՝ քաղաքական ճանապարհով կարգավորմանը արդեն գոյություն ունեցող բազմակողմանի մեխանիզմների շրջանակներում»,- ասվում է փաստաթղթում, որտեղ նաեւ նշվում է, որ ԼՂ կարգավորումը հիմնված պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների 2009-2013թթ. արած համատեղ հայտարարությունների վրա: Թեեւ փաստաթղթի նույն՝ 58-րդ կետում ընդգծվում է՝ ՌԴ-ն ճանաչում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, սակայն Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ տրամադրելու պայմանով, սակայն ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածում հիշատակված չեն ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ էլ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։

ԱՊՀ երկրներին վերաբերող հատվածում առանձին կետեր կան Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի մասին. «Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր կգործադրի ներուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար»։ Իսկ Վրաստանի հետ հարաբերությունների առնչությամբ փաստաթղթում պաշտոնական Մոսկվան արձանագրել է, որ պատրաստել է կարգավորել հարաբերություններն այդ երկրի հետ այն բնագավառներում, որտեղ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ կլինի նաեւ վրացական կողմը։ Հայեցակարգում նաեւ նշվել է, որ ՌԴ-ն նպաստելու է, որպեսզի Աբխազիան եւ Հարավային Օսիան կայանան որպես ժամանակակից ժողովրդավարական պետություններ:

Մոսկվան թեեւ հիշատակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների 2009-2013թթ. արած համատեղ հայտարարությունները ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ, այնուամենայնիվ, գերադասել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածում չհիշատակել ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ էլ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները՝ թերեւս, կողմերից ոչ մեկին «չնեղացնելու» սկզբունքով: Սա, իր հերթին, վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը, հավանաբար, կաշկանդված է իրեն զգում: Եթե «տարածքային ամբողջականության» վրա մշտապես հղում են կատարում Ադրբեջանի իշխանությունները, ապա ազգերի ինքնորոշման իրավունքը Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների համար է ուժեղ կողմ:

Մնում է ենթադրել, որ Մոսկվան ունի կարգավորման իր առանձին ծրագիրը եւ գիտակցել է, որ սկզբունքներից մեկը հիշատակելը բացահայտ կողմնակալություն կընկալվի ու կհակասի միջնորդի առաքելությանը, իսկ երկուսի հիշատակումն էլ դուր չի գա կողմերից մեկին:

Ինչպես է «ցավում»
Լուկաշենկոյի սիրտը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անցյալ շաբաթ երկօրյա այցով Բաքվում էր: Պարզվեց՝ Բելառուսը «պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»։ Այս մասին Լուկաշենկոն հայտարարել էր Trend ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում։

«Անկեղծ կասեմ. ինչպես բելառուսներն անտարբեր չեն Դոնբասում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար։ Եվ դա պատահական չէ։ Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը, ադրբեջանցիները եւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ մի մեծ երկրից ենք դուրս եկել, մի համերաշխ ընտանիքից, որը կոչվում էր Խորհրդային Միություն։ Այդ պատճառով մենք ջանք չենք խնայի խաղաղություն հաստատելու համար, որտեղ էլ որ լինի»,- ասել է Լուկաշենկոն։

Այնուհետեւ Բաքվում Լուկաշենկոն համատեղ հայտարարություն է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: «Կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության եւ պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին եւ ԵԱՀԿ որոշումներին»,- ասված է հայտարարության մեջ: Ադրբեջանի եւ Բելառուսի ղեկավարները, հիմնվելով ԵԱՀԿ-ի կողմից առաջադրված սկզբունքների վրա, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի գործունեության ու համանախագահների վրա, կարեւորել են խնդրի արագ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի ջանքերին լրացուցիչ քաղաքական խթան հաղորդելը: Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները կշարունակեն համաձայնեցված ջանքեր ներդնել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար:

Թեեւ Լուկաշենկոյի ու Ալիեւի համատեղ հայտարարության մեջ հիշատակվում են ԵԱՀԿ-ի կողմից առաջադրված սկզբունքները, այնուամենայնիվ, Բելառուսի նախագահը հստակ ցույց է տվել «տարածքային ամբողջականության եւ պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին» իր հավատարմությամբ Ադրբեջանին աջակցելը:
ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի ղեկավարից այլ դիրքորոշում սպասելը, թերեւս, միամտություն կլիներ: Պարզապես մեկ անգամ եւս պետք է արձանագրել, որ Հայաստանի դաշնակիցներն ավելի հետեւողական պաշտպանում են Հայաստանի հակառակորդ երկրին, եւ այդ փաստից վաղուց ժամանակն է հետեւություններ անել` ճշգրտումներ մտցնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունում հնարավոր այլ դաշնակիցների հետ առավել արդյունավետ աշխատանք տանելու ուղղությամբ:

Ոմանք հեռանում են
Մոսկվայից, իսկ մե՞նք…

Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ստորագրեցին հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագիրը։ Օրերս պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվեց Հայաստանի զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մեկնաբանությունը համաձայնագրի վերաբերյալ, որում նա, մասնավորապես, նշել էր, որ ստորագրված փաստաթղթով Հայաստանը եւ Ռուսաստանը պարտավորվում են համատեղ վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանել զորքերի միավորված խմբավորման կազմը, կազմակերպել խմբավորման ղեկավարումն ու կիրառումը, համատեղ լուծել միացյալ հրամանատարության ստեղծման հետ կապված հարցերը, ապահովել զորքերի, հետախուզության, զենքի կառավարման, նյութատեխնիկական բազայի միասնականության, կառավարման միացյալ համակարգի ստեղծման, ինչպես նաեւ օպերատիվ-մարտավարական խնդիրների համատեղ իրականացումը:

Անդրանիկ Մակարյանն ընդգծել է նաեւ, որ միացյալ զորախումբը սահմանված պատասխանատվության շրջանակում նախատեսված է հակազդելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված ագրեսիային, երկու պետությունների բնակչության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Փաստորեն, հայկական Զինված ուժերը ոչ միայն պարտավորվում են ՌԴ-ի դեմ հնարավոր ագրեսիային հակազդելու գործընթացում մասնակցություն ունենալ, այլեւ, ըստ էության, Ռուսաստանը ձեռք է բերում Հայաստանի համար վճռորոշ պահերին ազդեցություն ունենալ հայկական ԶՈՒ-ի որոշումների վրա:

Մինչ մենք Ռուսաստանի հետ միացյալ զորախումբ ենք ստեղծում` ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը` նշելով, որ ռուսական ռազմաբազան դուրս կբերվի երկրի տարածքից պայմանագրի ժամկետի ավարտից հետո: «Մենք Ռուսաստանի հետ միշտ կլինենք ռազմավարական գործընկերներ, սակայն Ղրղըզստանը ապագայում պետք է հենվի եւ հույսը դնի միայն սեփական զինված ուժերի վրա, ոչ թե Ռուսաստանի, Ամերիկայի կամ այլ երկրի բազայի։ Մենք պետք է մեր բանակը կառուցենք»,- ասել է Ատամբաեւը։ Նա հավելել է, որ Ղրղըզստանում ռուսական ռազմաբազան տեղակայելու մասին համաձայնագիրը ստորագրվել է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի օրոք՝ 2009-ին։ Փաստաթղթի գործողությունների ժամկետը լրանում է 2016-ին։ Պայմանագրի համաձայն՝ այս տարի այն կարող էր երկարաձգվել 49 տարով, ապա ժամկետը կարող էր երկարաձգվել յուրաքանչյուր 25 տարին մեկ։ «Մենք թողեցինք միայն 15 տարի… Դա դուր չեկավ ռուս նախարարներից շատերին, բայց այս հարցով ես համաձայնության եկա Վլադիմիր Պուտինի հետ»,- նկատել էր Ատամբաեւը։

Ռուսաստանի հետ բոլոր հնարավոր թելերով կապված Հայաստանի իշխանությունները մտորո՞ւմ են հարցի շուրջ, թե Հայաստանի միջազգային վարկանիշի վրա ի՞նչ ազդեցություն են ունենում ՀՀ-ի որոշումները, ի՞նչ են շահում, ստանում Հայաստան պետությունն ու ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի այսօրինակ հարաբերություններից, եւ առհասարակ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների նման որակն ու մակարդակը մեզ բավարարո՞ւմ է…

 
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031