«Հարցի ենթատեքստը հասկանում եմ, բայց երբեւիցե չէի փորձի համեմատել Մհեր Սեդրակյանին Ռուբեն Հակոբյանի հետ: Լավ ճանաչելով Ռուբեն Հակոբյանին՝ պետք է ասեմ, որ նա հավասարակշիռ մարդ է: Կարող եմ միայն ենթադրել, թե ի՞նչ իրավիճակ է եղել, որ նա ափերից դուրս է եկել եւ չի կարողացել իրեն զսպել»,- ասաց ԱԺ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին` եթե նախկինում մականունավոր պատգամավորներն էին լրագրողների վրա ձեռք բարձրացնում, երեկ հերթական տհաճ միջադեպը եղավ՝ այս անգամ Ռուբեն Հակոբյանի մասնակցությամբ:
Հիշեցնենք. երեկ պատգամավորի եւ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ հարցազրույցը վերածվեց լեզվակռվի, ապա, ըստ լրագրողի, պատգամավորը հարվածել է իրեն: Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ չի խրախուսում բռնությունը, այդ թվում նաեւ լրագրողների նկատմամբ, բայց կարծում է, որ լինում են դեպքեր, երբ մարդը չի կարողանում իրեն տիրապետել. լրագրողները երբեմն անցնում են կոռեկտության սահմանները: «Չեմ կարող ասել, թե ինքս այդ իրավիճակում ինչպես կվարվեի: Բնականաբար, ինձ թույլ չէի տա լրագրողին հարվածել, բայց տարբեր լրագրողների հետ խոսեցի եւ որքան հասկացա՝ լրագրողը անցել է թույլատրելի սահմանները»,- ասաց նա:
«Առավոտ»
08.12.2016