ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Տեղեկացնում եմ, որ սույն դեպքերին իրենց հրապարակումներով անդրադարձել են բազմաթիվ լրատվամիջոցներ: Ներկայացնում եմ դրանց մի մասը. «Հրապարակ» օրաթերթ, 14 փետրվարի 2012 թ., «Օրինական կողոպուտ» վերնագրով, «Голос Армении», 07 2012չ., «Весна на улице Амирян», «Առավոտ» օրաթերթ, 19.12.2012թ., «Տասը տարուց ավելի է՝ հնաբնակ երեւանցու բնակարանը տնօրինում են «անհայտ» ծագումով անձինք», «Հրապարակ», 09 փետրվարի 2013թ., «Բնակարան են գողացել, բնակարան»:
Արտասահմանցի ներդրողներ կան, բայց տատանվում են՝ բոլորիս հասկանալի պատճառներով: Ուստի այս դիմումս կապ ունի այդ իրողության հետ: Արտասահմանցի ներդրողներ կարող են հանդիսանալ իմ աղջիկն ու էթնիկ ֆրանսիացի փեսաս, որոնք նաեւ Կանադայի քաղաքացի են եւ պոտենցիալ նախադրյալներ եւ ցանկություն ունեն Հայաստանի զարգացմանը աջակցելու՝ ընդգրկելով այդ գործում իրենց մոտիկ լայն շրջապատը: Ես ինքս պատրաստ եմ անհատույց իմ մասնագիտական կարողությունները ներդնել տուրիզմի զարգացմանը, որի համար, իմ առաջարկությամբ, պարոն Հովնանյանի հետ չհասցրեցինք ծրագրերը ի կատար ածել՝ կառուցել էկոլոգիապես մաքուր պայմաններ ապահոված «տուրիստական գյուղ-հանգստավայր», որը ոչ հեռու կգտնվեր Մայր Աթոռի այցելության կենտրոնից՝ Էջմիածնից: Այն հարակից հինգ գյուղերի բնակիչներին կապահովի աշխատատեղերով եւ կիրացնի նրանց գյուղմթերքները: Սակայն դառնանք բուն իմ գործին, որի էությունը շարադրված է վերոնշյալ հոդվածներում:
Դժվար թե «պրիմիտիվ գողություն» կատարած անձինք իրենց հոժար կամքով վերադարձնեն ապօրինի հափշտակվածը: Դրա համար պետք է ոչ թե տուժողներին եւ առանց այդ էլ ծանրաբեռնված դատարաններին գլխացավանք ստեղծել, այլ արտադատական կարգով հսկող եւ վերակացու մարմինների միջոցով թույլ տված ապօրինությունները վերացնել: Իրենց պարտականությունն է ծառայողական քննություն կատարելու միջոցով, ինչպես մեր դեպքում, վերադարձվի իմ եւ աղջկաս մեր ընտանիքի սեփականությունը: Կառավարությանը առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերահսկողական վարչության պետի եւ կոմիտեի նախագահի տեղակալի մակարդակով կոծկվում է նրանց կողմից կատարված հանցանքը: Ապօրինի կերպով ձեւակերպված է մեր սեփական անշարժ գույքը «անհայտ» անձի անունով, կրկին խայտառակ խախտումներով, շինծու փաստաթղթերով վեց տարի անց վերագրանցել են նույն անձի անունով: Իսկ իրականում, ըստ կադաստրային գործի տվյալների, պարզ է դառնում, որ քողարկված է հետին թվով սեփականությունը գրանցելու փաստը:
Բոլոր ապացույց-փաստաթղթերին տիրապետում եմ, եւ այդ մասին են նաեւ վկայում ՀՀ հեղինակավոր կառույցների եզրակացությունները: Պահանջված լինելու դեպքում կներկայացնեմ: Այդ ապօրինությունների մասին իրազեկված էր եւ քաջ տեղյակ է այն ժամանակվա Կոմիտեի նախագահ պարոն Զախարյանը, որը հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել եւ իր տեղակալին խիստ զգուշացրեց. «Չլղոզել»: Սակայն օգտագործելով պարոն Զախարյանին այլ պաշտոնի նշանակելու հանգամանքը՝ նրա հանձնարարականը չկատարվեց: Իսկ դատարանների անկատարությունը եւ «ուժեղ հակառակորդ» ունենալու անհավասար պայմաններում գտնվելը դրական արդար դատական ակտի կայացման երաշխիք չեն: Այս պարզունակ գործը բարդացնելով, իրականությունը խեղաթյուրելով՝ արդեն յոթ տարուց ավելի ոչ մի կերպ հարցը չի լուծվում:
Ձեր ակտիվ եւ օպերատիվ ծավալվող գործունեությունը շեշտվել է նաեւ միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնների կողմից: Կառավարության դաշտը բանիմաց, ինտելեկտուալ ազնիվ մասնագետներով ընդգրկելը հույս է ներշնչել, որ Կառավարության վերահսկողական վարչությունը եւ ձեր օգնականը՝ կադաստրի պատասխանատու համակարգողը, պատրաստակամ լինելու դեպքում կշտկեն կադաստրի, մեղմ ասած, բացթողումները: Ժամանակն է, որ քաղաքացիներիս չշեղեն բնականոն մեր պարտականություններից, զբաղվենք օգտակար գործով՝ կառավարությանը սատար կանգնելու եւ մեր մտավոր ու ֆինանսական հնարավորությունները ներդնենք կառավարության երկարաժամկետ ծրագրերը հնարավորինս կարճաժամկետ կատարմանը ու հաջողությամբ ընթացող գործընթացի համար սրտանց շնորհավորենք միմյանց՝ Հայաստանի Հանրապետության՝ Ձեր կողմից ձեւավորված կառավարության հաջողությունները:
ԿԱՐԻՆԵ ԽՈՐԱՍԱՆՅԱՆ
Շինարար-ճարտարագետ, հասարակական գործիչ
«Առավոտ»
07.12.2016